Բաժիններ՝

«Երևանի քաղաքապետարանը նախագծային գրասենյակ չէ ձեզ համար, որ թղթաբանությունն ավարտեք ու տուն գնաք». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա են գտնվել Երևանի գլխավոր ճարտարապետը, «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բա ժնի աշխատակիցները: Խորհրդակցության օրակարգում քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառում 2015թ. հիմնական բացթողումներն ու հետագա գործողություններն են եղել: Քաղաքապետը հերթական անգամ, որպես առաջնահերթություն, բարձրացրել է Երևանի պատմամշակութային շենքերի ժառանգության և դրանց պահպանման խնդիրը:

«Այս օրերին մամուլում կարդում եմ քաջ և նվիրված մեր երիտասարդների մեկնաբանությունները Երևանի հին շենքերի պահպանման մասով և մեծ հույսով եմ լցվում, ուրախանում, որ անտարբեր չեն: Ուրախանում եմ, որ ոչ միայն սոցցանցերում նստած մեկնաբանություն են գրում, այլև պայքարում են ամեն մի քարի պահպանման համար: Բայց իրար մեղադրելով հարցեր չեն լուծվում, ու, որպես միջնորդ, այս դեպքում պետք է գործի քաղաքապետարանը: Իսկ ի՞նչ եք անում դուք այս օրերին. մեր մասնագետների կցկտուր և խուսափողական պատասխաններն ավելի շատ անորոշություն են մտցնում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Նա նաև սրտացավ վերաբերմունք է պահանջել ոլորտի պատասխանատուներից, ովքեր իրենց լիազորությունների շրջանակում ոչ միայն կարող են, այլև պարտավոր են կառուցապատողներից պահանջել բացառել Երևանի արտաքին տեսքն աղավաղող և մայրաքաղաքի ճարտարապետությանը ոչ հարիր կառույցների նախագծեր պատվիրելը: Ընդ որում, անընդունելի մոտեցումները պետք է բացառվեն բոլոր վարչական շրջաններում. ինչն անթույլատրելի է կենտրոնում, թույլատրելի չէ նաև ծայրամասերում:

«Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք պատվիրատուի ներկայացուցիչն եք քաղաքապետարանում, այլ ոչ թե քաղաքի շահերը ներկայացնողը: Ճարտարապետն այն մարդն է, ով պետք է հետք թողնի պատմության մեջ: Այսպիսի՞ հետք եք ուզում թողնել ձեզանից հետո: Մեկընդմիշտ հիշեք, որ քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին: Եվ հետո, Երևանի քաղաքապետարանը նախագծային գրասենյակ չէ ձեզ համար, որ թղթաբանությունն ավարտեք ու տուն գնաք: Փոխե՛ք ձեր մոտեցումները: Եղե՛ք պահանջկոտ ու սկզբունքային պատվիրատուների հետ»,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ թե՛ ինքը և թե՛ Երևանի քաղաքապետարանը երբեք չեն խուսափել պատասխանատվությունից, բայց անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ քաղաքաշինական բազմաթիվ խնդիրներ, տրամադրված շատ շինթույլտվություններ և ներկայում խնդրահարույց բազում որոշումներ ոչ թե այսօրվա արդյունք են, այլ մի քանի տասնամյակի ընթացքում են կուտակվել: Եվ, որ ամենացավալին է, իրավական տեսանկյունից այսօր շատ դեպքերում Երևանի քաղաքապետարանը հնարավորություն չունի վիճարկել այդ որոշումները: Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է առավելագույն հրապ արակայնություն ապահովել այս հարցերում:

«Մեր վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքաշինությանն ու քաղաքի արտաքին տեսքին վերաբերող հարցերը մեր համաքաղաքացիների համար կարևոր են, և այս հարցում ցանկություն կա ուղիղ մասնակցել որոշումների կայացմանը:

Ուրեմն մտածենք մեխանիզմներ, որոնք կապահովեն առավելագույն հրապարակայնություն և հանրության մասնակցություն. լինի դա համապատասխան շենքերի ցանկերի հրապարակում, հանրային քննարկումների անցկացում, թե առցանց ֆորում: Երևանցին պե՛տք է մասնակցի իրեն հուզող հարցերի քննարկմանը»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ն ման հարցերի բազմակողմանի լուսաբանման հետ կապված ԶԼՄ-ների հետ համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է, քանզի աղճատված ու միակողմանի նյութերը վնասում են ոչ միայն Երևանի քաղաքապետարանին, այլև հենց երևանցիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս