«Քաղաքական ամուսնությունից ենթադրվում էր, որ նոր սերունդ պետք է ծնվեր, սակայն երկուսն էլ ծերացած են». Արամ Մանուկյանը՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության մասին

«Սա ցավալի է, սա բլեֆ է, որ իբր քաղաքական դաշտը կարգավորելու են: Այն նախարարները, որոնք ՀՅԴ-ի համար պաշտոնանկ են արվել, վա՞տ էին աշխատել: Ուղղակի ՀՅԴ-ն որի վրա մատը դրել է, էն երեխայի նման, որ ասում է՝ այս խաղալիքն եմ ուզում, այս ուտելիքն եմ ուզում, այդ նախարարությունն էլ տվել են նրան»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ սա ընդամենը ՀՅԴ-ի քմահաճույքն էր. «Ի դեպ, այդ քաղաքական ամուսնությունից ենթադրվում էր, որ նոր սերունդ պետք է ծնվեր, սակայն երկուսն էլ ծերացած են»:

Արամ Մանուկյանը նաև հայտարարեց, որ մարտի 1-ին ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն և «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժումը հավաք-երթ են անցկացնելու, ծաղիկներ են դնելու Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ տեղի են ունեցել ողբերգական իրադարձությունները. «Մենք նաև նախաձեռնությամբ ենք հանդես եկել՝ հիշատակի օրերի մեջ այդ օրը ներառել՝ որպես բռնաճնշումների դեմ պայքարի օր»:

Հարցին էլ՝ արդյոք ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և՞ս ներկա կլինի այդ օրվա ակցիային, Արամ Մանուկյանը դժվարացավ պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս