Բաժիններ՝

«ԴԱԻՇ-ը խալիֆաթ չէ, այլ հանցագործ ցանց». Օբաման հանձնարարել է ուժեղացնել պայքարը ԴԱԻՇ-ի դեմ

ԱՄՆ-ը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը հաջողություն ունենա: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, հայտնում է Euronews-ը:

Նա հայտնել է, որ իր ադմինիստրացիային հանձնարարել է ուժեղացնել պայքարը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ:

«Ավելի շատ թվով մարդիկ են սկսում հասկանալ, որ ԴԱԻՇ-ը խալիֆաթ չէ, այլ հանցագործ ցանց: Սիրիացի փախստականներն ասում են. «Դա հանցավոր բանդա է, որը իրեն համարում է պետություն: Նրանք գողեր են»: ԴԱԻՇ-ին չի հաջողվում գրավել մարդկանց սիրտն ու միտքը, ու հիմա խմբավորումը գտնվում է կոշտ ճնշման տակ: Բայց, ինչպես մենք ասել ենք հենց սկզբից, ԴԱԻՇ-ի վերջը տալու միակ եղանակը երկարաժամկետ պարտություն մատնելն է՝ վերացնել քաոսն ու քաղաքացիական պատերազմը, որը պատել է Սիրիան»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Օբաման դարձյալ կրկնել է, որ Սիրիայի ապագան չի կարող հյուսվել երկրի ներկայիս նախագահ Բաշար Ասադի հետ ու նշել է, որ այդ հարցը դեռ վեճի լուրջ առարկա է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև:

Հիշեցնենք, որ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ից: Օբամայի խոսքով՝ պետք չէ սպասել, որ բռնությունը անհապաղ կդադարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս