Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվի բողոքի նոտային՝ մատնանշելով «ուժերի հավասարակշռության անհրաժեշտությունը»

Ռուսաստանը Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է թափանցիկ՝ հետևելով բոլոր միջազգային պարտավորություններին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի բողոքի նոտան՝ կապված Հայաստանին մատակարարված սպառազինությունների հետ:

«Մենք դիվանագիտական խողովակներով արդեն ադրբեջանական կողմին հաղորդել ենք համապատասխան տեղեկությունը: Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է միութենական հարաբերություններով, զարգացնում է դրանք, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցությունը»,- հայտարարել է Զախարովան՝ ընդգծելով, որ դա բոլորին քաջ հայտնի փաստ է և այդ համագործակցությունն իրականացվում է թափանցիկ ու բաց եղանակով: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փաստին Ադրբեջանը ըմբռնումով կմոտենա:

«Ընդ որում՝ սպառազինությունների ցանկացած մատակարարում ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին, մեր կողմից իրականացվում է՝ ուշադրությամբ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ զենքի մատակարարումների հարցերում Ռուսաստանը հետևում է իր ստանձնած միջազգային պարտավորություններին:

Հիշեցնենք, որ կապված Հայաստանին մատակարարված 200 միլիոն դոլարի սպառազինությունների հետ՝ պաշտոնական Բաքուն Ռուսաստանի ԱԳՆ-ին բողոքի նոտա էր հղել:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը պահանջում է արտահանող երկրից, այն է՝ Ռուսաստանից, երաշխիքների ստացում, որ վաճառված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան չեն տեղակայվի «ադրբեջանական տարածքներում ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս