Բաժիններ՝

Ադրբեջանը Հայաստանին մատակարարված սպառազինության պատճառով բողոքի նոտա է հղել ՌԴ-ին

Կապված Հայաստանին մատակարարված 200 միլիոն դոլարի սպառազինությունների հետ՝ պաշտոնական Բաքուն Ռուսաստանի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել, հայտնում է Trend-ը` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևին:

Մեկնաբանելով զենքի ու ռազմական տեխնիկայի գնման համար Հայաստանին Ռուսաստանի կողմից տրամադրված 200 միլիոն դոլարի վարկի համաձայնագիրը, Գաջիևն ասել է, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն դրա հետ կապված արդեն բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին:

Նոտայում ասվում է, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինություններն ու ռազմական տեխնիկան տեղակայվում են Ադրբեջանի «օկուպացված տարածքներում»`Լեռնային Ղարաբաղում:

«Օկուպացված տարածքներում» առանց արտահանող երկրի թույլտվության տեղակայելով սպառազինությունները՝ Հայաստանն այդկերպ կոպտորեն խախտում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև սպառազինության վրա թափանցիկությունն ու վերահսկողությունը, հայտարարել է Գաջիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պահանջում է արտահանող երկրից, այն է՝ Ռուսաստանից, երաշխիքների ստացում, որ վաճառված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան չեն տեղակայվի «ադրբեջանական տարածքներում ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս