«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում դաշույն է՝ մտցված ՆԱՏՕ-ի սիրտը». Forbes-ի սյունակագրի անդրադարձը Հայաստանին

«Սուրբ ծննդից 2 օր առաջ, առանց հանրայնացնելու, Ռուսաստանը Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության մասին մեծ համաձայնագիր ստորագրեց»,- Forbes-ի համար գրված հոդվածում նշել է ԱՄՙՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի նախկին տեղակալ, Բահրեյնում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ադամ Էրելին:

Հեղինակի կարծիքով՝ համաձայնագիրն ազդարարում էր Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացում, ու դա ամենանկատելի նշանն է այն բանի, որ

«Պուտինը նոր արբանյակ պետություն է ստեղծում ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ու սպառնում է ԱՄՆ-ի ամենաարժեքավոր դաշնակցին՝ Թուրքիային»:

Հեղինակի կարծիքով՝ ուժերի կուտակումն այն գլխավոր տարրերից է, որի օգնությամբ Պուտինը ձգտում է տարածաշրջանում գերիշխանություն հաստատել, իսկ Հայաստանը սահմանակցում է Թուրքիային, որը ՆԱՏՕ-ի անդամ է:

Հեղինակի տվյալով՝ վերջին 6 ամսում «ռուսական սպառազինությունների ու զինծառայողների հոսքը Հայաստան ավելացել է»:

«Ինչո՞ւ ենք մենք լռում այդ գրեթե չքողարկված ագրեսիայի առաջ Թուրքիայի նկատմամբ: Ու ինչո՞ւ մենք չենք դատապարտում բարձրաձայն Հայաստանին այն բանի համար, որ այն այդքան հանդիսավորությամբ է ընդունում Պուտինի հարվածային զորամասերը»,- հարցնում է հեղինակը:

Էրելին Թուրքիային համարում է «ԴԱԻՇ-ի դեմ պայքարում առանցքային դաշնակից ու այն քիչ երկրներից մեկը, որը գործում է ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ներքո, որը բազա ունի ԴԱԻՇ-ի ռազմավարական հենակետերի մոտակայքում»:

Հեղինակը գրում է, որ Հայաստանը սահմանակից է ԱՄՆ-ի երեք առանցքային դաշնակիցներին՝ Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային:
Դիվանագետը կարծում է, որ Հայաստանի հետ Ռուսաստանը պատրաստում է նոր ռազմական միություն, որն իբր պատրաստվում է հարվածել ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի շահերին տարածաշրջանում:

«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում դաշույն է՝ մտցված ՆԱՏՕ-ի սիրտը, քանի հայ ռուսական դաշինքն ամրապնդվում է»,- գրում է հեղինակը:
Էրելին եզրակացնում է, որ ամերիկացի առաջնորդները պետք է բանակցություններ վարեն ուժի դիրքերից:

«Դրա փոխարեն՝ մենք հաշտվում ենք Պուտինի ուժի բացահայտ ցուցադրության հետ: 20-րդ դարի պատմությունը մեզ սովորեցնում է, որ դա լավ ավարտ չի ունենա»,- կարծում է հոդվածագիրը՝ նշելով, որ Վաշինգտոնն անգամ ուշադրություն չդարձրեց Ռուսաստանի ու Իրանի ռազմական համագործակցության ուժեղացման վրա:

«Հիմա մատակարարվում են «Տախիոն» անօդաչու թռչող սարքեր, «Մի-24» ռազմական ուղղաթիռներ ու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ: 2015թ. հուլիսին Պուտինի հրամանով անցկացվեցին օպերատիվ արձագանքման զորավարժություններ, իսկ փետրվարի սկզբին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանով սկսվեցին խոշորամասշտաբ զորավարժություններ հարավ-արևմտյան ռազմավարական ուղղությամբ, որը ներառում էր Հայաստանը:

Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանային օպերացիային մասնացել է 8,5 հազար մարդ, 900 միավոր հրետանային զինատեսակներ, 200 ռազմական ինքնաթիռ ու 50 նավ:
Հոդվածագիրը կարծում է, որ Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը ՆԱՏՕ-ի ու Եվրոպայում Ամերիկայի հետաքրքրություններին ուղղված՝ Պուտինի սպառնալիքի վերջին դրսևորումն է: Նշվում է, որ ներկայում Հայաստանում, ըստ տարբեր գնահատականների, կա 5000 զինծառայող 2 բազայում:

«Եթե Ռուսաստանը նման բան աներ ՆԱՏՕ-ի ցանկացած այլ երկրի սահմանում, դա կհարուցեր զայրույթի ալիք»,- գրում է Ադամ Էրելին:
Հոդվածագիրը կարծում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի աշխարհագրությունն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի ու Վաշինգտոնի համար:

Տեսանյութեր

Լրահոս