«Եթե ուկրաինական ճգնաժամը չլիներ, Հայաստանը չէր դառնա ԵՏՄ անդամ». Ալեքսանդր Իսկանդարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօրվա քննարկման ժամանակ խոսելով Հայաստանի էներգետիկ ոլորտի մասին՝ ասաց, որ այն Հայաստանի ամենակայացած ոլորտներից է և հնարավորություններ է ստեղծում տնտեսության զարգացման համար. «Մեր էներգոսֆերան Հայաստանի կայացած ոլորտներից մեկն է: Էներգետիկան հնարավորություններ է ստեղծում տնտեսության զարգացման համար: Ոլորտը կայացել է, որովհետև մեր էներգետիկները պրոֆեսիոնալ են ու ճիշտ քայլեր են անում: Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովել է մեր այսօրվա էներգետիկան: Եթե հետ նայենք, կտեսնենք, թե էներգետիկ անկախությունը մեզ ուր կհասցներ: ԵՏՄ մտնելու կարևորությունը նաև էներգետիկ ոլորտում էր»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ անդրադառնալով էներգետիկ ոլորտին՝ կատակեց՝ ասելով, որ ոլորտի մասին իր գիտելիքներն այնքան են, որ կարող է լամպը վառել ու վարդակից օգտվել: Իսկ ԵՏՄ-ի մասին նրա կարծիքը չհամընկավ նախորդ բանախոսների կարծիքների հետ. «ԵՏՄ-ն սխեմա է, որ կապում է Ռուսաստանին անդամ պետությունների հետ: Լուրջ հետաքրքրություններ Հայաստանը մյուս անդամների հետ գրեթե չունի, Բելառուսն ու Ղազախստանը նույնպես չունեն, Ռուսաստանն ու Ղազախստանը մի փոքր այլ են, և այլն: Այսինքն՝ ԵՏՄ-ն կապի միջոց է, իսկ կառուցվածքով Եվրամիության նման չէ, որովհետև գործընկերներից մեկը մեծացնում է իր ռազմական, տնտեսական միջոցները, իսկ մյուսները՝ ոչ: ԵՏՄ-ի մասին ընդհանուր խոսելն անիմաստ է, իսկ եթե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների տեսանկյունից ենք նայում, ապա քաղաքական համագործակցություն է:

Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ապա Հայաստանը նրա համար տնտեսական հետաքրքրություն չի ներկայացրել ու չի ներկայացնի: Ես այն կարծիքին եմ, որ, եթե ուկրաինական ճգնաժամը չլիներ, ապա Հայաստանը չէր դառնա ԵՏՄ անդամ, որովհետև այն ի սկզբանե կենտրոնացած էր Ղազախստանի, Բելառուսի և Ուկրաինայի վրա»:

Ա. Իսկանդարյանի խոսքով՝ փոխգործակցությունն ամեն դեպքում անհրաժեշտ է, բայց ըստ նրա՝ դա կարելի էր անել առանց ԵՏՄ-ի. «Վրաստանը ԵՏՄ անդամ չէ, բայց նրա հետ փոխգործակցություն կա, Իրանը՝ նույնպես»: Անդրադառնալով Իրանին՝ նշեց, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանի դերի մեծացման մասին չափազանցություններ, միֆային սպասելիքներ կան. «Մեղմ ասած՝ ամեն ինչ մեր պատկերացրածի նման չէ, սյուժեն դեռ զարգանում է, ու կտեսնենք, թե ինչպես կզարգանա: Մենք իրոք Իրանի համար որոշակի արժեք ներկայացնում ենք, բայց այն պետք չէ չափազանցնել»:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն էլ նշեց, որ Իսկանդարյանի համար հեշտ է խոսել, որովհետև նա քաղաքագետ է. «Դուք շատ օբյեկտիվ եք խոսում, ու շատ հարցերում Ձեզ հետ համամիտ եմ, բայց այն մարդկանց համար, որոնք կոնկրետ ոլորտներով են զբաղվում, կհավելեի, որ մենք նույնպես փորձում ենք պրագմատիկ լինել շատ որոշումներում»:

Տեսանյութեր

Լրահոս