«ՌԴ-ին Ադրբեջանի կողմից բողոքի նոտա հղելը կոմեդիայի ժանրից է». Արտակ Զաքարյան

Հայաստանին սպառազինություն վաճառելու փաստով պայմանավորված Ռուսաստանին Ադրբեջանի կողմից բողոքի նոտա հղելը կոմեդիայի ժանրից է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձաաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Զաքարանը:

«Ամբողջ աշխարհն է խոսում Ադբեջանի` նավթը զենքի վերածելու քաղաքականության մասին: Առնվազն ծիծաղելի է, որ Ադրբեջանը փորձում է Ռուսաստանին մեղադրել: Դա այն դեպքում, երբ նա հենց նույն Ռուսաստանից բավական մեծ քանակով զենք է ձեռք բերել: Ի դեպ ոչ միայն Ռուսաստանից»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Անդրադառնալով ռուսական կողմից Հայաստանին տրամադրվող զինատեսակների ցանկի հրապարակմանը` Արտակ Զաքարյանը նշեց, որ դա արվել է ռուսական կողմից` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ֆոնին:

«Մի բան հստակ է, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունն այն երաշխիքներից մեկն է, որ տարածաշրջանում կա հարաբերականորեն ապահովված ուժերի հավասակշռութուն: Դրա համատեքստում էլ զարգանում է մեր ռազմատեխնիկական համագործակցությունը: Մենք պետք է մեր անվտանգային միջավայրն ամուր պահենք: Այդ հարցում լավագույն գործընկեր Ռուսաստանն է: Իսկ թե զինտեսակների մասին տեղեկություն հրապարակելով Ռուսաստանն ինչպիսի ուղերձ է հղել Թուրքիային կամ Ադրբեջանին ճիշտ կլինի, որ մեկնաբանեն հենց մեր գործընկերները»,-հավելեց Արտակ Զաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս