«Մեր կուսակցության մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել և չի ընթանա». Լևոն Մկրտչյան

«Երևի ժամանակն է, որ մենք շատ ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակի պրոբլեմներին: Դրա համար խնդրում եմ մեկ-երկու շաբաթ, որպեսզի ես կարողանամ հասկանալ՝ ինչ վիճակում ենք այսօր, ինչ մակարդակի վրա է ընթացքը, որից հետո մամլո ասուլիսով շատ հստակ ամեն հարց կկատարվի»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը: Լրագրողների դիտարկմանը, որ գրեթե բոլոր դպրոցների տնօրենները Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ են, Լևոն Մկրտչյանն արձագանքեց, որ իր համար կրթության համակարգի պաշտոնյայի համար չափման միավորը նրա պրոֆեսիոնալիզմն է. «Կրթության համակարգում այլ չափման միավոր, գոնե իմ գործունեության ժամանակ, չի եղել և չի լինի»:

Դիտարկմանը, որ հրապարակումներ կային այն մասին, որ նախարարի պաշտոնի համար հիմնական պայքարն ընթանում էր Լևոն Մկրտչյանի և Լիլիթ Գալստյանի միջև, նա արձագանքեց. «Մեր կուսակցության մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել և չի ընթանա»: Լրագրողի հարցին, որ ամեն անգամ ընտրությունների ընթացքում ականատես ենք լինում, թե տնօրեններն ինչպես են մանկավարժական կոլեկտիվներով ներգրավվում պրոցեսին, ի՞նչ է անելու՝ նրանց այս ամենից զերծ պահելու համար, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Կփորձեմ հնարավորինս զերծ պահել»: Նա նշեց, որ իրենց համար առաջնահերթ է, որ կրթական համակարգն ապակուսակցականացվի, որ տնօրենն ու մանկավարժը զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ:

Տեսանյութեր

Լրահոս