«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կներկայացվի Եվրախորհրդարանում
«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կներկայացվի Եվրախորհրդարանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իրականացված «Եղեռն՝ եղեռնից հետո» ծրագրի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքով «Հայկյան» հատուկ մրցանակ ստանալուց հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Փետրվարի 29-ից մարտի 4-ը Հայ դատի գրասենյակի հետ համագործակցաբար այս ցուցահանդեսը բացվելու է Եվրախորհրդարանում: «Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսն անցյալ տարվանից տարբեր սրահներում է ցուցադրվում, հենց այս պահին էլ Հայաստանի ճարտարապետների միության շենքում է ներկայացված»,-շեշտեց Սամվել Կարապետյանը:
Անդրադառնալով «Հայկյան» մրցանակին` հուշարձանագետը նշեց, որ մրցանակները ոգևորում, պարտավորեցնում են:
«Մարդը տեսնում է, որ աշխատանքը, որ ինքն անում է, կարևորվում է, և դա, իհարկե, ոգևորիչ է»,-հավելեց նա:
Սամվել Կարապետյանի տեղակացմամբ` առաջիկայում հրատարակության կհանձնվեն հայկական հուշարձաններին առնչվող մի շարք գրքեր:
«Եղեռն՝ եղեռնից հետո» գրքի երկրորդ հատորն ենք պատրաստում, ինչպես նաև մեկ այլ գրքով լույս ենք ընծայելու Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների հետ տեղի ունեցածը: Մի հատորում էլ փորձելու ենք մերկացնել Ադրբեջանի կատարած հանցագործությունները` նորից լուսանկարների զուգահեռ ներկայացմամբ»,-նշեց նա: Սամվել Կարապետյանի խոսքով` գրքերի ստեղծմանն աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը և տարբեր հովանավորներ: