Անկարան քննադատում է Սիրիայում զինադադար հաստատելու համաձայնագիրը
Սիրիայում զինադադար հաստատելու համաձանագիրն ուղղված է Դամասկոսի իշխանությունների աջակցությանը՝ նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ելույթ ունենալով շրջանային ղեկավարների առաջ՝ Էրդողանը հայտարարել է. «Մենք աջակցում ենք կրակի դադարեցման մասին համաձայնագրին, որը կարող էր թեթևացնել մեր սիրիացի եղբայրների ճակատագիրը: Սակայն մեզ անհանգստացնում է այն, որ այդ զինադադարով Ասադի ռեժիմը, որը պատասխանատու է ավելի քան 500 հազար մարդու սպանության համար ու ուժերը, որոնք կանգնած են դրա հետևում, բաց աջակցություն են ստանում այն դեպքում, երբ ընդդիմության նկատմամբ վերաբերմունքը մնում է անորոշ»:
Հիշեցնենք, որ կրակի դադարեցման մասին որոշումը ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ի կեսգիշերին:
Հայտարարությունը, որը կասկածի տակ է դրել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Սիրիայի հարցով, քննադատել է Ռուսաստանի արտգործնախարարը:
«Բառացիորեն նույն օրը, երբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները հավանության էին արժանացրել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համատեղ նախաձեռնությունը, սկսեցին ձայներ հնչել, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ի դաշնակիցների մայրաքաղաքներից, նաև հենց Վաշինգտոնից, որոնք սկսեցին կասկածի տակ դնել այդ պայմանավորվածությունների կենսունակությունը: Մենք բացահայտ ուզում ենք ասել, որ այդ ձայներում հնչում են պատերազմի ձգտումներ ու կոչեր, այլ ոչ թե խաղաղության»,- հայտարարել է Լավրովը: