Կուբայի իշխանությունները թույլատրել են հայտնի այլախոհներին դուրս գնալ երկրից
Կուբայի կառավարությունը որոշում է կայացրել մասնակի չեղյալ հայտարարել հայտնի կուբացի այլախոհների՝ «Սև գարուն» միավորման ներկայացուցիչների՝ երկրից դուրս գալու արգելքը, հայտնում է BBC-ն:
Ընդդիմադիր խմբի 7 անդամների կթույլատրվի իրականացնել արտասահմանյան մեկ ուղևորություն, եթե նրանց վարքագիծը ճանաչվի բավարար: Ընդ որում՝ «Սև գարնան» ևս 4 անդամի՝ Կուբան լքելու իրավունքը մերժվել է:
Այլախոհ Մարտա Բեատրիս Ռոկեի կարծիքով, ով 7 այլախոհների թվում է, ում տրվել է երկրից դուրս գալու իրավունք, նման որոշումը իշխանությունների զիջումն էր Կուբա ԱՄՆ նախագահի այցի նախօրեին, որը նախատեսված է մարտի 21-22-ին:
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հետագայում ևս կոչ անել Կուբայի կառավարությանը հարգել երկրի քաղաքացիների իրավունքները:
2003թ. Կուբայի իշխանությունները սկսել էին զանգվածաբար կալանավորել ընդդիմադիր ակտիվիստներին: Ընդհանուր առմամբ՝ կալանավորվել էր 75 մարդ: Նրանց մեծ մասը մի քանի տարի անց ազատվել էր բանտից պայմանով, որ չի հեռանա երկրից: