Բաժիններ՝

Խորհրդային տարիների «ավանդույթները» վերականգնվում են

Կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին խոշտանգելու մասին տեղեկատվությունը ցնցել է հայ հանրությանը: Երեկ Գասպարիին տեղափոխել էին «Նորք» հոգեբուժական կենտրոն՝ դատաբժշկական փորձաքննության, որտեղ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին Գասպարին հասցրել էր ասել՝ «Ես լավ չեմ»:

Ավելի ուշ նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը հայտարարություն տարածեցին՝ ահազանգելով, որ վերջին մի քանի օրերի ընթացքում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի՝ նախ՝ համար 20, հետո արդեն՝ համար 7 խցի խցակիցները, ադմինիստրացիայի և քրեական տարրերի ուղղորդմամբ և թողտվությամբ, իրեն ենթարկում են խոշտանգումների: Վ. Գասպարին արդեն 2 օր է՝ գտնվում է հացադուլի և ջրադուլի մեջ՝ բողոքելով իրեն նվաստացնող վերաբերմունքի դեմ և պահանջելով տեղափոխել իրեն մենախուց: Պաշտպանները պնդում են, որ Գասպարիի՝ քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ուղղված բողոքները մնացել են անպատասխան, անտեսվել է նաև հացադուլի և ջրադուլի անցնելու փաստը, և նրան չեն տեղափոխել համապատասխան խուց` բժշկական անընդհատյա հսկողությամբ, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի կոպիտ խախտում է: «Գասպարիի նկատմամբ ճնշումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական հաշվեհարդար նրա քաղաքացիական ակտիվության և սկզբունքայնության համար, ինչի նպատակը անարդարության դեմ պայքարող մարդկանց նկատմամբ ճնշումն է և այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտի ստեղծումը»,- եզրահանգել են պաշտպանները:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն իր հերթին՝ պարզաբանում տարածեց, որ Վարդգես Գասպարիի խոշտանգումների փաստի կապակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ: Միաժամանակ, ՔԿՎ-ից նշել են, որ Վ. Գասպարին փետրվարի 23-ին հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել՝ այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել է: Արդեն ժամը 19:10-ին Վ.Գասպարին հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:

Վարդգես Գասպարիի ճակատագրով մտահոգ պատգամավորները երեկ Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պահանջեցին անհապաղ միջոցներ ձեռնարկել և վերանայել նրա կալանքը:

Կարդացեք նաև

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ սա այն դեպքն է, որ Գասպարիին կալանավորելու դատարանի որոշումն անհիմն է և անօրինական ու մեր երկրին որևէ կերպ պատիվ չի բերում: «Նման դեպքերում մարդուն հոգեբուժարան տանելը և հոգեկան վիճակը ստուգելը հուշում է խորհրդային տարիների «լավագույն» ավանդույթները: Ես հույս ունեմ, որ կառավարության անդամները և վարչապետը միջոցներ կձեռնարկեն, որ Գասպարին ազատ արձակվի»,- ասաց Է.Մարուքյանը:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեջբերեց ՄԻՊ զեկույցից՝ դատական համակարգի կոռումպացվածության մասին, որ առաջին ատյանում կաշառքի չափը 500-10000 դոլար է, վերաքննիչ դատարանում՝ 2000-15000 դոլար, վճռաբեկ դատարանում՝ 10000-50000 դոլար: Նա հայտարարեց, որ Հայաստանի լավագույն մարդկանցից մեկի՝ Վ.Գասպարիի կալանավորման մասին որոշումն իրավաչափ չէ: «Հիմա դուք, կառավարության հարգելի՛ անդամներ, ոչ մեկդ երաշխավորված չեք այսպիսի վարքագծից: Ես ձեզ ուղղակի հորդորում եմ, որպեսզի գնաք կալանավայր և տեսնեք, թե ինչ է կատարվում այնտեղ, և գործուն միջոցներ ձեռնարկեք, որ Վարդգես Գասպարիին անհապաղ ազատ արձակեն»,- պահանջեց Զ.Փոստանջյանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ բարձրաձայնված խնդիրները գործադիր իշխանությանը վերաբերում են պահման պայմանների մասով և, իր ունեցած տեղեկություններով, ձերբակալությունից մինչև անցած երկուշաբթի Գասպարին պահվել է կարանտինային խցում, հետո տեղափոխվել է կալանավորված անձանց պահման խուց, որտեղ նա պառկել է գետնին, ինչը խցակիցների հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացրել, և նա տեղափոխվել է այլ խուց՝ մեկ անձի հետ:

Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ քննիչի որոշումն է՝ նրա նկատմամբ հոգեբուժական փորձաքննություն իրականացնել: Նախարարը հավաստիացրեց, որ այս պահին, վերջին տեղեկատվությամբ, Վ. Գասպարին իր առողջական վիճակի հետ կապված որևէ պահանջ չի ներկայացրել, նախարարի հանձնարարությամբ նրան մոտեցել են բժիշկները և հարցրել՝ որևէ խնդիր ունի՞, թե՞ ոչ, պատասխանել է, որ որևէ խնդիր չունի և բողոք չի ներկայացնում, իսկ խնդիրներ ունեն խցակիցները:

Ա.Հովհաննիսյանը նշեց, որ առաջին անգամ է լսում, որ նրա նկատմամբ խոշտանգում է եղել, և կոչ արեց զգույշ լինել այդ տերմինն օգտագործելիս:

Դատական համակարգի վերաբերյալ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ նախարարությունն իրավունք չունի քննարկելու դատարանի որոշումը: Ըստ նրա՝ կալանքի համար դատարանը հիմք է ընդունել նախադեպային որոշումը, որ նախկինում Գասպարին չի ներկայացել դատական նիստերին, դա որակվել է՝ որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ: Ա. Հովհաննիսյանը խոստացավ հետևողական լինել և անել հնարավոր ամեն ինչ, որը կլինի արդարադատության նախարարի լիազորությունների շրջանակներում՝ առկա խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

Մենք փորձեցինք Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանից ճշտել, թե ի՞նչ դիրքորոշում ունի նա Վարդգես Գասպարիի հետ կատարվողի հանդեպ և ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, արդյոք այցելե՞լ է, կամ պատրաստվո՞ւմ է այցելել կալանավորված ակտիվիստին: Սակայն, մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Արման Թաթոյանը, հիշեցնենք, ԱԺ-ում իր ընտրության շուրջ քննարկումների ժամանակ այդպես էլ հստակ դիրքորոշում չէր արտահայտել՝ արդյոք Վարդգես Գասպարին քաղհալածյա՞լ է, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս