«Իրան-Հայաստան ծրագրերն օրակարգային են երկու կողմի համար». Երվանդ Զախարյան

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունի բավականին ծավալուն ծրագրեր, նաև աշխատանք է տարվում պատժամիջոցների չեղարկումից հետո նոր ծրագրերի և եղած ծրագրերի ընդհանուր վիճակի բարելավման և դրանց զարգացման ուղղությամբ:

ՀՀ նախագահի մոտ վերջերս եղավ խորհրդակցություն և եղավ հստակ ցուցում, որ Իրանի հետ մեր հարաբերություններն ավելի խորացվեն տնտեսության բոլոր բնագավառներում»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե ի՞նչ է արվում Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար, ՀՀ-ն ի՞նչ դերակատարում է ունենալու Վրաստան-Իրան գազի տարանցիկ անցման գործում: Լ.Սարգսյանի դիտարկմամբ՝ վրացիներն արդեն անգամ վիզային ռեժիմն են հանել Իրանի հետ:

Նախարարը ներկայացրեց այսօրվա դրությամբ Իրանի հետ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ էներգետիկ համակարգում ընթանում են էլեկտրահաղորդման բարձրավոլտ 3-րդ գծի շինաշխատանքները, որոնք կավարտվեն 2018 թ.-ին, Մեղրի-Ագարակ համայնքների գազիֆիկացում, որը նախատեսվում է ավարտել մինչև ձմեռնամուտ, նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը վերջերս այցելել է Իրան, որտեղ ստորագրվել է հուշագիր՝ Հայաստանի և Իրանի երկաթուղիների միացման հետ կապված, նաև ակտիվ աշխատանքներ են տարվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, որպեսզի գյուղոլորտում լրացուցիչ աշխատանքներ ներգրավեն Իրանի հետ, առաջարկություն կա նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման և այլ բնագավառներում համագործակցության խորացման հետ կապված:

Ե. Զախարյանը նշեց, որ Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև գազիֆիկացման հարցերի հետ կապված բանակցությունները դեռ ընթանում են, վերջնական լուծում չի տրվել հարցին, բայց ՀՀ-ն հայտարարել է, որ հաշվի առնելով, որ Իրան-Հայաստան գազատարի հզորությունն այսօր օգտագործվում է միայն 15-20% ծավալով, հնարավորություն ունենք մինչև 500 մլն խմ գազ տարանցել Իրանից Վրաստան: Նախարարի խոսքով՝ էլեկտրաէներգիայի տարանցիկ աշխատանքների հետ կապված՝ դեռևս դեկտեմբերին տեղի է ունեցել քառակողմ հանդիպում՝ նախարարների միջև:

Լ.Սարգսյանը մտահոգիչ անվանեց Իրան-Ադրբեջան երկաթուղու մասին օրերս կնքված պայմանագիրը: Ըստ նրա՝ կասկածելի է, որ այս պայմաններում Հայաստան-Իրան երկաթուղին կյանքի կկոչվի, երբ Ադրբեջանի հետ երկաթուղու կառուցման արժեքը 200 մլն դոլար է, ՀՀ-ի դեպքում՝ 3.2 մլրդ. «Կարողանալո՞ւ ենք հաղթահարել այդ ծախսերը, և այլևս Իրանին անհրաժե՞շտ է ՀՀ-ի հետ երկաթուղին»:

Ե. Զախարյանը նկատեց, որ երկաթուղու հուշագիրը ստորագրվել է 20-25 օր առաջ. «Չեմ կարծում, որ Իրանի նման հզոր պետությունը, որ արդեն ազատ է պատժամիջոցներից, թույլ կտար ստորագրել հուշագիր, որը մեկ ամիս հետո կարող է դիտարկվել՝ որպես չիրականացվող ծրագրեր: Դրանք օրակարգային հարցեր են ինչպես՝ Իրանի, այնպես էլ՝ Հայաստանի համար: Դրանց վերաբերյալ քննարկումները շարունակվում են»:

Տեսանյութեր

Լրահոս