Շուշանիկ Բախշյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել

Ծննդական Մերի Մարգարյանի մահվան գործով մեղադրյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նոր միջնորդություն է ներկայացրել. փաստաբանը խնդրել է պաշտպանական կողմին տեղեկացնել մի քանի հանգամանքների մասին:

Միջնորդության մեջ փաստաբանը նշել է, որ Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով…

««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողն այն սուբյեկտն է, ով ստացել է համապատասխան լիցենզիա: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ոլորտում լիցենզավորվող սուբյեկտներն են կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

Ակնհայտ է, որ Շուշանիկ Բախշյանը ո՛չ կազմակերպություն է, ո՛չ էլ անհատ ձեռնարկատեր, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի երկրորդ մասին համաձայն՝ քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է:

Այդ մասով պաշտպանական կողմիս համար առաջադրված մեղադրանքը հասկանալի չէ: Միաժամանակ, եթե նույնիսկ ընդունենք, որ մերի Մարգարյանի մահվան գործով անալոգիայի կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը այնուհանդերձ ֆիզիկական անձ Շուշանիկ Բախշյանն է, մեղադրանքը հասկանալի չէ նաև հետևյալ պատճառով.

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են՝

  • յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից
  • ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին
  • յուրաքանչյուրին տեղյակ պահել նրան տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի և պայմանների մասին
  • յուրաքանչյուր մարդու կամ բժշկական օգնության համար այլ վճարողների պահանջով տրամադրել անհրաժեշտ տվյալներ հիվանդին ցուցաբերած բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների և այդ նպատակով կատարված ծախսերի մասին
  • ապահովել մարդու բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից
  • ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
  • հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերել հիվանդների նկատմամբ։

Ինչպես հայտնի է, թե 2005թ. (հոդված 83.5 կետ 2) և թե 2015թ. (հոդված 39) խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու պարտականությունները սահմանվում են բացառապես օրենքներով:

Այս առումով պաշտպանական կողմիս բացարձակ հասականալի չէ, թե նշված պարտականություններից Շուշանիկ Բախշյանը ո՞ր պարտականությունը չի կատարել կամ կատարել է ոչ պատշաճ:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք: Նույնն ամրագրված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երրորդ մասի «Ա» կետում»:

Փաստաբանը խնդրել է պաշտպանական կողմին ներկայացնել, թե ինչպես է Շուշանիկ Բախշյանը դիտարկվել այս հանցագործության սուբյեկտ, եթե վերջինս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող չէ, Մերի Մարգարյանի մահվան դեպքով Շուշանիկ Բախշյանն օրենքով նախատեսված կոնկրետ որ պարտականությունը չի կատարել կամ դրանք ոչ պատշաճ է կատարել, այդ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու Մերի Մարգարյանի մահվան միջև պատճառահետևանքային կապը որ ապացույցով է հիմնավորվել, եթե փորձագետի եզրակացություններով նման կապը չի հաստատվել (փորձագետ Գագիկ Կառլենի Հարությունյանի ապօրինի ցուցմունքը խնդրվում է չմեջբերել):

Տեսանյութեր

Լրահոս