Բաժիններ՝

Ռոուհանին Ալիևին կառաջարկի Կասպից ծովում համագործակցելու նոր պլան. Իրանի նավթի նախարար

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտոնապես կառաջարկի Ադրբեջանի նախագահին Կասպից ծովում նավթագազային համագործակցության նոր պլան:

Ինչպես հայտնում է MEHR գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր կայանալիք այցի ընթացքում Իրանը Ադրբեջանին կառաջարկի Կասպից ծովում նավթային ու գազային հանքավայրերի շահագործման ու փոխանակման առաջարկություն:

Թեհրանի առաջարկը ներառում է երկու երկրների համագործակցություն ծովում նավթային ու գազային հանքավայրերի վերաբերյալ, ինչպես նաև գազի ու նավթի առևտրի ընդլայնում, հատկապես նավթի փոխանակման վերսկսում:

Բիժան Զանգանեն հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը Ադրբեջանի հետ փոխանակել հում նավթ ու գազ՝ նշելով, որ Ալիւի այցի ընթացքում այդ թեման քննարկվելու է բարձր մակարդակում՝ երկու երկրներների նախագահների հանդիպմանը:

Զանգանեն նաև ընդգծել է, որ Կասպից ծովում նավթարդյունահանման ծախսերը չափազանց մեծ են Իրանի ու որոշ հարևան երկրների համար, իսկ մերձկասպյան երկրների համագործակցությունը կհանգեցնի ծախսերի կրճատման:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 23-ին կայցելի Թեհրան:

Իրանի նախագահի ադմինիստրացիայի տեղեկություններով՝ այցի շրջանակում ստորագրվելու են մի շարք երկկողմ փաստաթղթեր քաղաքական ու տնտեսական ոլորտների վերաբերյալ:

Իրանի քաղաքական ղեկավարների հետ Ալիևը կքննարկի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, Ադրբեջանի ու Իրանի տնտեսական ու առևտրային կապերի ընդլայման ու ամրապնդման հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս