Բաժիններ՝

Ադրբեջանում ինքնահրկիզվել է բանկին պարտք ունեցող հերթական քաղաքացին

Բաքվում ինքնահրկիզմամբ կյանքին վերջ է դրել հերթական քաղաքացին:

lent.az լրատվական կայքի հաղորդմամբ` փետրվարի 22-ի երեկոյան Բաքվի Բիբիհեյբաթ ավանի 37-ամյա բնակիչ Էլդար Բաքիրովը իր վրա բենզին է լցրել եւ ինքնահրկիզվել: Հրկիզվելուց առաջ նա հայտարարել է, որ այդ քայլին է դիշմում բանկին պարտք ունենալու եւ ընտանջքը պահել չկարողանալու պատճառով:

Մանաթի դեկտեմբերի 21-ին երկրորդ անգամ արժեզրկումից հետո Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:

Բանկերից վերցրած վարկերը վճարել չկարողացողների մեջ ավելի մեծացել է ինքնահրկիզվելու եւ քացախաթթու խմելով ինքնասպանության դիմողների թիվը:

Ադրբեջանի առողջապահության նախարարության կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունքի ղեկավար Ազեր Մաքսուդովն ավելի վաղ հայտնել էր, որ այս տարվա առաջին ամսվա ընթացքում թունավորման ախտանիշով 65 հիվանդ են ունեցել, որոնց մեծ մասը՝ քացախաթթվով թունավորմամբ: Նա խուսափել է նշել թունավորումից մահացածների թիվը:

Այս տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանում բանկերին պարտք ունենալու պատճառով ինքնահրկիզման են դիմել 7 քաղաքացի, որոնցից երկուսը՝ ղարաբաղյան պատերազմի վետերան:

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրել է. «Ինչքա՞ն սա պետք է շարունակվի: Ինչպես երեւում է` բանկերին բոլոր պարտք ունեցողների ինքնասպանությունից հետո Ադրբեջանում ոչ պարտք ունեցող կմնա, ոչ էլ ինքնասպանության դիմողներ»:

Ադրբեջանում 2,5 միլիոնից ավելի մարդ պարտք է բանկերին: Մանաթի փոխարժեքի գրեթե երկու անգամ արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 57 ինքնասպանության դեպք է գրանցվել, որի մեծ մասը՝ բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով:

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի ընթացքում այդ երկրում 300-ից ավելի ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 14-ն անչափահասներ են եղել:

2015 թվականի ընթացքում Ադրբեջանում քաղաքացիների ինքնահրկիզման դիմելու 19 դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ը մահվան ելքով ավարտ են ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս