«Ընդունվել է օրենք, որը հակասահմանադրական է. նույնանման իրավիճակում հայտնված վարորդներից մեկը տուգանվում է, մյուսը` ոչ». Էդուարդ Հովհաննիսյան
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության մասին ընդունված օրենքը հակասահմանադրական է. «Այսինքն` ստեղծվել է իրավիճակ, երբ վարորդները հայտնվում են նույնանման իրավիճանում, մեկը տուգանվում է, մյուսը` ոչ»,- ասաց նա։
Ըստ նրա` ոչ հավասար մոտեցում է կիրառվում վարորդների նկատմամբ. «Ապակիների լուսաթափանցելիությանը վերաբերող օրենքի նախկին հոդվածն այսպես էր (123 .4)` ապակիների լուսաթափանցելիության չափի կամ կարգի խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարել, իսկ հիմա` ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման կամ առջևի հողմապակու թաղանթապատման չափի խախտում։ Այսինքն` եթե վարորդի մեքենայի ապակիների մգեցվածությունը 75 տոկոս նորմայի սահմաններում է, իսկ կողքին ուրիշ մեքենա է, որի գործարանային ապակին զրոյական է, բայց նա թաղանթապատել է 75 տոկոսով, ապա վերջինս տուգանվում է։
Ինչո՞ւ են օրենք ընդունողներն անհավասարություն կիրառում վարորդների նկատմամբ»։