Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը:
Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):
«Քանի որ տարին օլիմպիական է և առջևում վարկանիշային մրցաշարերն են, որոշեցինք վերը նշված կազմով մեկնել Ռիգա: Մեզ համար ավելի կարևոր են վարկանիշային մրցաշարերը: Մինչև Լատվիա մեկնելը ևս մեկ նախապատրաստական փուլ կանցնենք, այս անգամ Բելառուսում: Թիմի հետ կլինեն նաև Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Էդգար Ենոքյանը և Մուսա Մուրթազալիևը, ովքեր կշարունակեն նախապատրաստվել վարկանիշային մրցաշարերին»,-նշեց Բաղդադյանը:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 8-13-ը, Լատվիայում: