Բաժիններ՝

ԱԺ հանձնաժողովը էթիկայի խախտում է որակել ուրիշի փոխարեն քվեարկելու 7 պատգամավորների քայլը

Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կանոնակարգի և էթիկայի խախտում է որակել 7 պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու քայլը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնեց, որ հանձնաժողովը փետրվարի 18-ին դռնփակ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը: «Մենք քննարկել ենք 7 պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու հարցը: Այդ մասին հանձնաժողովին փաստեր էր ներկայացրել լրագրող Լիլիթ Լալայանը: Մենք որոշում ենք կայացրել, որ մեր գործընկերների քայլը Ազգային ժողովի կանոնակարգի և էթիկայի խախտում է»,- ասել է Խ. Հարությունյանը:

Նա նաև հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկվել է առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկել օրենքի նախագիծը, որը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը կարգազանցություն որակելուն: «Այդ նախագիծն, ի դեպ, առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է: Հիմա մենք առաջարկել ենք այն քննարկմն դնել և ընդունել երկրորդ ընթերցմամբ: Եթե այս նախագիծն ընդունվի և նման դեպքերը որակվեն որպես կարգազանցություն, ապա կարգազանց պատգամավորների նկատմամբ կկիրառվեն ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված պատժամիջոցներ»,- մանրամասնեց Հարությունյանը:

Լրագրող Լիլիթ Լալայանի դիմումի ու ներկայացրած փաստերի համաձայն ուրիշի փոխարեն քվեարկել են ՀՀԿ-ական պատգամավորներ Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, Արշակ Մխիթարյանը, իսկ ԲՀԿ խմբակցությունից` Բազմասեր Առաքելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս