«Մենք գործ ունենք հանցագործության հետ, կատարվածը միայն գողություն անվանելը շատ հասարակ կթվա»
Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա իրականացված հարձակման գործի նախաքննությունն իրականացվում է գաղտնիության սկզբունքով: Այս մասին «Ակոս» պարբերականին հայտնել է հարձակման զոհ դարձած Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մուրաթ Օրալը: «Մենք գործ ունենք հանցագործության հետ, կատարվածը միայն գողություն անվանելը շատ հասարակ կթվա»,- ասել է Օրալը՝ տեղեկացնելով, որ նախաքննական գաղտնիության պատճառով իրենք չեն կարողացել տեսնել մեղադրական եզրակացությունը: Փաստաբանը կարծիք է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր է գործն ուղարկվի դատարան:
Դեմիրջի ընտանիքի փաստաբանը հայտնել է նաև, որ կալանավորված 3 անձինք Հայաստանի քաղաքացիներ են: Դատական վերահսկողության պայմանով ազատ արձակված 12 կանանցից երկուսը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր 20 տարի առաջ եկել են Հայաստանից և ձեռք են բերել Թուրքիայի քաղաքացիություն: