Պենտագոնը նախազգուշացնում է Ռուսաստանին ու Իրանին
Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հանգեցնում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի ձգձգման, կարծում է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը:
«Ո՞ւր է տանում այդ ռազմավարությունը: Այն տանում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի շարունակման, իսկ դա Ռուսաստանի շահերից չի բխում»,- ասել է Քարտերը ի պատասխան CBS հեռուստաընկերության հարցին, թե արդյոք Ասադը ավելի լավ դրության մեջ չի հայտնվել շնորհիվ ռուսական ռազմական օգնության:
«Ես ուղիղ եմ ասում օվկիանոսից այն կողմ գտնվող մեր գործընկերներին, այստեղ չեն կարող լինել «գլուխ պահողներ», քանի որ արդյունքում մենք կշահենք ու մենք կհիշենք, թե ով է օգնել, իսկ ով՝ ոչ: Մենք ոչ ոքի լավություն չենք անում ու ոչ ոքի չենք խնդրում լավություն անել, սակայն մարդիկ պետք է գործեն՝ թիրախ ունենալով երկարաժամկետ հեռանկար, ու մենք կհիշենք, թե ով ինչ է արել»,- հայտարարել է Քարտերը:
Նա բացատրել է, որ հենց այդ մասին է խոսել Բրյուսելի իր գործընկերների հետ: Քարտերի խոսքով՝ բազմաթիվ երկրներ եկել են եզրակացության, որ Ռուսաստանի ու Իրանի գործողությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում:
«Ռուսաստանը հենց սկզբից չի գործում, ինչպես հարկն է: Ռուսաստանը չի անում այն, ինչի մասին հայտարարել է ու չի անում այն, ինչ կլիներ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նրա շահերի շրջանակում»,- կարծում է Պենտագոնի ղեկավարը: