Դաղստանի ահաբեկչությունն իրականացրել է բոլորովին այլ մահապարտ
Գենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Դաղստանի Դերբենտի շրջանի «Ջիմկենտսկի» ճանապարհապարեկային պահակակետում ահաբեկչությունը իրականացրել է 25-ամյա Մՙագոմեդալի Մուրլիևը, որի նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել, հայտնում է LifeNews-ը:
Կենսանյութի անալիզը չի հաստատել իրավապահների նախնական վարկածն այն մասին, թե պայթյունն իրականացրել է 23-ամյա Ադմիր Թալիբովը:
Համաձայն ԴՆԹ փորձաքննության՝ պայթյունի պահին «ՎԱԶ-2109» մեքենայում գտնվել է «Յուժնայա» խմբավորման անդամ Մագոմեդալի Մուրլիևը: Մուհամմեդ անունով հայտնի մահապարտը անցած տարվա հունվարից անդամակցել է խմբավորմանը: Քննչական մարմինները հայտնում են, որ Մուրլիևը մասնակցել է մի քանի աղմկոտ հանցագործությունների:
Ինչպես հայտնի է դարձել, տղայի ընտանիքը Դաղստանից տեղափոխվել է Մոսկվա, սակայն նա որոշել է վերադառնալ Դաղստան:
Հիշեցնենք, որ 4 մարդու կյանք խլած ահաբեկչությունը տեղի էր ունեցել փետրվարի 15-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժ. 9.05-ին: Իրավապահները կանգնեցրել էին մեքենան՝ ստուգման նպատակով, ինչին անմիջապես պայթյուն էր հաջորդել:
Պայթյունի պահին դեպքի վայրում գտնվել է նաև ուղևորատար միկրոավտոբուս, որը այրվել է:
ԴԱԻՇ խմբավորման բջիջն ստանձնել է Դաղստանի ահաբեկչության պատասխանատվությունը: