Այսօր կլինի օդերևութաբանության պատմության մեջ ամենատաք փետրվարի 18-ը

«Այս տարի ձմեռը տաք է եղել ամբողջությամբ։ Ե՛վ դեկտեմբերին, և՛ հունվարին ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել մոտ 1-2 աստիճանով: Մինչև փետրվարի 14-ը ջերմաստիճանը նորմայից բարձր էր 2-3 աստիճանով:

Փետրվարի 15-ից Աֆրիկայից (Սահարա անապատից) դեպի Մերձավոր Արևելք, իսկ այնտեղից էլ՝ դեպի մեր հանրապետության տարածք թափանցեցին շատ տաք օդային հոսանքներ, ու փետրվարի 15-16-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը թռիչքային բարձրացավ։

Երեկ Արարատյան դաշտում 17-18 աստիճան տաքություն ունեցանք։ 18 աստիճան տաքություն է գրանցվել նաև մայրաքաղաքում: Այս ջերմային ֆոնը կլիմայական նորմայից բարձր է 8-12 աստիճանով»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ այսօր Երևանում սպասվում է 18-19 աստիճան տաքություն, ինչը, ըստ նրա՝ վերջին 170 տարիների ընթացքում բացարձակ ցուցանիշ է.

«Եթե այսօր այդքան ջերմաստիճան գրանցվի, օդերևութաբանության պատմության մեջ ամենատաք փետրվարի 18-ը կլինի»։

Նա նշեց, որ վաղը հյուսիս-արևելքից հանրապետության տարածք կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք հատկապես մեծ ազդեցություն կունենան Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի ջերմային ֆոնի վրա, որտեղ սպասվում է ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով.

«Մյուս շրջաններում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Նվազած ջերմային ֆոնը կմնա մինչև փետրվարի 21-ը։ Փետրվարի 22-23-ին օդի ջերմաստիճանը որքան նվազել է, նույնքանով կբարձրանա, որովհետև հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ տաք օդային հոսանքը։ Այսինքն՝ փետրվարի 23-24-ին Արարատյան դաշտում կունենանք՝ 15-16, առանձին հատվածներում՝ 17 աստիճան տաքություն, իսկ Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում՝ 17-20 աստիճան տաքություն:

Ըստ նախնական կանխատեսումների՝ այդ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է ողջ փետրվարի ընթացքում։ Փետրվարի 20-ին սպասվում են տեղումներ։ Փետրվարի 21-ին թույլ տեղումներ հնարավոր են միայն արևմտյան շրջաններում: Ըստ նախնական կանխատեսումների՝ մարտ ամիսը նույնպես տաք կլինի»։

Տեսանյութեր

Լրահոս