ԱՄՆ-Իրան. Ռազմավարական գործընկերության խորքային խութերն ու եզրերը

ՆԱԽԱԲԱՆ

Միջազգային քաղաքականության մեջ ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններն ամենաբարդ և խճճված հարաբերություններից են: Դրանք բազմաշերտ են, նաև՝ վայրիվերումներով լի. վերջին 50 տարիներին ամերիկա-իրանական հարաբերությունները դաշնակցային հարաբերություններից մինչև ծայրահեղ թշնամական են եղել:

21-րդ դարի սկզբին երկու երկրների միջև հարաբերություններն այնքան էին սրվել, որ թվում էր՝ պատերազմն անխուսափելի է: Սակայն 2013թ. Իրանում Հասան Ռոուհանիի իշխանության գալուց հետո իրանական թնջուկն անսպասելի հանգուցալուծում ստացավ. Իրանը և «Վեցյակ»-ը (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան) Վիեննայում ստորագրեցին Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակող համաձայնագիրը՝ «Համալիր գործողությունների համատեղ պլանը», որն ԱՄՆ-ի և Իրանի միջև 1979թ.  սկիզբ առած թշնամական հարաբերությունները բարելավելու համար լավ ելակետ է:

ԱՄՆ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ  

ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում սկիզբ առած «ձնհալը» երկու երկրների միջև գոյություն ունեցող հիմնական տարաձայնությունների հարթվելու հույսեր է առաջացնում՝ չնայած այդ հարաբերությունների բարելավման համար առկա լուրջ խոչընդոտներին: Ամերիկա-իրանական հարաբերություններում երկու երկրների միջև փոխադարձ անվստահության գլխավոր պատճառը պատմական անցյալն է:

Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում Իրանն Իսրայելից հետո ԱՄՆ-ի երկրորդ ամենակարևոր ռազմավարական դաշնակիցն էր համարվում Մերձավոր Արևելքում: Այդ երկրի բնակչությունը բավականին դրական էր տրամադրված Միացյալ Նահանգների նկատմամբ: Սակայն 1950-ական թվականներից ԱՄՆ-ը սկսեց կոպտորեն միջամտել Իրանի ներքին գործերին, ինչի հետևանքով այստեղ առաջացան հակաամերիկյան տրամադրություններ:

1951թ. ապրիլի 28-ին Իրանում ժողովրդավարական ընտրությունների միջոցով երկրի վարչապետ դարձավ Մոհամեդ Մոսադեղը, ով դրանից մեկ ամիս առաջ մեծ մասնակցություն էր ունեցել երկրի նավթահանքերի ազգայնացմանը: 1953թ. ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պալատական հեղաշրջում իրականացրեցին և տապալեցին Մոսադեղի իշխանությունն Իրանում: Դրա հետևանքով այդ երկրում վերջնականապես արմատախիլ արվեց ժողովրդավարությունը: ԱՄՆ-ի օգնությամբ իշխանության եկավ գեներալ Ֆազլոլա Զահեդին, ով Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային վերադարձրեց ազգայնացված նավթահանքերը:

1979թ. Իրանում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխություն, որի ժամանակ իրանցի ուսանողները Թեհրանում գրավեցին ԱՄՆ դեսպանատան շենքը և պատանդ վերցրեցին դեսպանատան մի քանի տասնյակ աշխատակիցների: Նրանց մի մասն ազատ արձակվեց մի քանի ամիս անց, իսկ հիմնական մասը՝ 52 հոգի, միայն 2 տարի անց: Իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանը դիվանագիտական հարաբերությունները խզեց Վաշինգտոնի հետ:

Հաջորդ կարևոր պատմական դրվագը, որի կապակցությամբ Թեհրանը մեղադրում է Վաշինգտոնին, Իրան-իրաքյան պատերազմում ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշումն էր: ԱՄՆ-ն այդ պատերազմում բացահայտ աջակցում էր Սադամ Հուսեյնին: 8 տարի տևած պատերազմի հետևանքով իրանական կողմն ունեցավ մի քանի հարյուր հազար զոհ, իսկ այդ երկրի տնտեսությունը կրեց հարյուրավոր միլիարդ դոլարի կորուստներ: Վաշինգտոնը ոչ միայն ռազմական, քաղաքական և տնտեսական օգնություն էր տրամադրում Իրանի վրա հարձակված Սադամ Հուսեյնին, այլ, ընդհակառակը, 1988թ. ամերիկյան ռազմական օդանավերը սկսեցին ռմբակոծել իրանական տարածքները և նավթահորերը:

Չնայած այս իրադարձություններից երկար տարիներ են անցել, սակայն իրանական հանրությունը մինչ այժմ չի մոռացել, իսկ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ անընդհատ հիշեցնում են այդ մասին: Նույնիսկ վերջերս՝ 2015թ. դեկտեմբերին, մեջլիսի 166 պատգամավորներ մի օրինագիծ պատրաստեցին, որով անհապաղ փոխհատուցման պահանջ է ներկայացվում ԱՄՆ-ին՝ 1953թ. սկսած վերջինիս թշնամական գործունեության հետևանքով Իրանին պատճառված վնասների համար: Օրենքի նախագծում նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է Իրանին փոխհատուցի 1953թ. ԿՀՎ-ի կողմից այդ երկրում իրականացված պետական հեղաշրջման, 1987թ. Մեքքա հաջ կատարած իրանցի ուխտագնացների սպանության, Իրան-իրաքյան պատերազմի հետևանքով 223.000 սպանված և 600.000 վիրավորված իրանցիների համար, քանի որ այդ պատերազմում ԱՄՆ-ն աջակցում էր Սադամ Հուսեյնին[1]:

1953թ. ԱՄՆ-ի կողմից Իրանում իրականացված պալատական հեղաշրջման մասին վերջերս իրանցի ուսանողներին հիշեցրեց նաև այդ երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին: Մասնավորապես, անցած տարվա նոյեմբերին վերջինս հայտարարեց, որ Իրանի հետ կապված ԱՄՆ-ի նպատակները չեն փոխվել, առիթի դեպքում ամերիկացիները կփորձեն ոչնչացնել նրանց պետությունը, ուստի պետք է առավելագույնս զգոն լինել: Ռահբարը (առաջնորդ) նաև նշեց, որ 1953թ. Իրանի վարչապետը մեծ սխալ գործեց՝  վստահելով Միացյալ Նահանգներին[2]:

Իրանում նաև չեն մոռանում՝ հաճախ ԱՄՆ-ին կշտամբելով 1979թ. Իսլամական հեղափոխության ժամանակ մինչև վերջին պահը բռնապետ շահին ամեն կերպ աջակցելու համար: Ինչ վերաբերում է Իրանում մեծ տարածում գտած «Մահ Ամերիկային» լոզունգին, ապա վերջերս նախագահ Ռոուհանին և հոգևոր առաջնորդ Խամենեին հայտարարեցին, որ դա վերաբերում է ոչ թե ամերիկյան ժողովրդին կամ պետությանը, այլ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, որը շատ հաճախ չարիք է պատճառել իրանցիներին[3]:

«Մեր ժողովուրդը հարգում է ամերիկյան ժողովրդին»,-վերջերս մի քանի անգամ հայտարարեց Ռոուհանին: Այդ մասին 2015թ. սեպտեմբերին Թունիսում հայտարարեց նաև Իրանի արտգործնախարար Զարիֆը: Նա մասնավորապես նշեց, որ ԱՄՆ-ի նկատմամբ իրանցիների անվստահության պատճառը նախորդ տասնամյակներում Վաշինգտոնի վարած տարածաշրջանային քաղաքականությունն է: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է նվաճի  իրանցիների վստահությունը[4]: Նույն վիճակն է նաև ԱՄՆ-ում, որտեղ նույնպես անվստահություն կա Իրանի նկատմամբ:

Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգներում Իրանը ներկայացվել է որպես ահաբեկչությունը սատարող, մարդու իրավունքները խախտող, «Չարիքի առանցքի» մաս կազմող երկիր: 2015թ. ԱՄՆ-ում անցկացված հարցումների համաձայն՝ Միացյալ Նահանգների բնակչության մեծ մասը չի հավատում Իրանին: Այսպես, ամերիկացիների 69%-ը դեմ էր Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը՝ համարելով, որ վաղ թե ուշ վերջինս կխախտի այդ համաձայնագրի պայմանները, 85%-ը չի հավատում, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: Ավելին, ամերիկացիների 81%-ն ընդհանրապես չի վստահում Իրանի կառավարությանը, 62%-ը, հանձինս Իրանի, տեսնում է թշնամու, իսկ 49%-ի կարծիքով՝ ԱՄՆ-ի անվտանգության համար հենց այդ երկիրն է ներկայացնում ամենամեծ սպառնալիքը[5]:

Իրանական թեմային մեծ տեղ է հատկացվում նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական դիսկուրսներում: Ընդ որում, Իրանի հետ հարաբերությունների բարելավմանը դեմ են արտահայտվում նախագահի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ թեկնածուներ: Այսպես, նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը կոչ է անում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել, քանի որ վերջինս իր հրթիռային ծրագրով խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Նա վերջերս հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում Իրանին մտադիր է վերաբերել «անվստահությամբ և ստուգել նրան»[6]: Իսկ նախագահի հանրապետական թեկնածու Մարկո Ռուբիոն վերջերս հայտարարեց, որ իր՝  նախագահ դառնալու դեպքում հենց առաջին օրը կլուծարի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը[7]:

Մարդու իրավունքների վիճակը Իրանում

 

Թեհրանի և Վաշինգտոնի միջև լուրջ հակասությունների պատճառ է նաև Իրանում մարդու իրավունքների  վիճակը, որի համար Միացյալ Նահանգները հաճախ է քննադատում Իրանին, իսկ վերջինս էլ՝ հակադարձում ԱՄՆ-ին: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ Իրանը հանդիսանում է ոչ ազատ երկիր, որը մարդու իրավունքների վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Ճիշտ է՝ Հասան Ռոուհանիի նախագահ ընտրվելուց հետո ազատ են արձակվել որոշ թվով քաղբանտարկյալներ, սակայն միջազգային և տեղական իրավապաշտպանների պնդմամբ՝ դեռ բանտերում են գտնվում մեծ թվով քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և ընդդիմության նախկին առաջնորդներ՝ Միր Հոսեյն Մուսավին և Մեհդի Քյարուբին, չնայած վերջիններիս նկատմամբ մեղադրանքներ չեն առաջադրվել:

Իրանական իշխանությունները հայտարարում են, որ Մուսավին և Քյարուբին գտնվում են տնային կալանքի տակ, սակայն տեղական իրավապաշտպանների պնդմամբ՝ նրանք բանտում են: Հասան Ռոուհանին իր նախընտրական արշավի ժամանակ խոստացավ վերանայել նրանց «կարգավիճակը», սակայն մինչ այժմ նրանք ազատության մեջ չեն: ԱՄՆ պաշտոնյաները Իրանի իշխանություններին բազմիցս կոչ են արել ազատ արձակել վերջիններիս, սակայն իրանցի պաշտոնյաներն ԱՄՆ-ից պահանջել են չխառնվել իրենց ներքին գործերին:

Նույնն է վիճակը նաև խոսքի ազատության հետ կապված: Լրագրողների և բլոգերների համար Իրանն աշխարհի անբարենպաստ երկրներից մեկն  է, որտեղ բանտարկված բազմաթիվ լրագրողներ և բլոգերներ կան: Երկրում խիստ գրաքննություն կա լրատվամիջոցների նկատմամբ: Ռոուհանիի՝ նախագահությունն ստանձնելուց հետո լիցենզիաներ են տրվել մի շարք լրատվամիջոցների՝ չնայած որոշներն էլ փակվել են կամ ժամանակավորապես դադարեցվել է նրանց գործունեությունը: ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին ուղղած՝ «Մարդու իրավունքների վիճակն աշխարհում» ամենամյա զեկույցներում մշտապես խիստ քննդատության է ենթարկում Իրանի իշխանություններին: Վերջին զեկույցում նշվում է, որ Իրանում իրականացվում են մարդկանց առևանգումներ, դաժան պատիժներ, քաղաքական շարժառիթներով պայմանավորված բռնություններ, հետապնդումներ ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստների և սեռական փոքրամասնությունների նկատմամբ և այլն: Իրանի իշխանությունները հրաժարվում են նաև թույլատրել ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքներով հատուկ զեկուցողի մուտքն իրենց երկիր:

Այդ երկրում մտահոգիչ է հատկապես իրականացվող մահապատիժների մեծ թիվը: Իրանն աշխարհում Չինաստանից հետո մահապատիժների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում: Միայն 2015թ. առաջին 6 ամիսներին այդ երկրում մահվան է դատապարտվել շուրջ 700 մարդ: Տարեկան մի քանի հարյուր մարդ ենթարկվում է մահապատժի:

Մտահոգիչ են մասնավորապես անչափահասների նկատմամբ իրականացվող մահապատիժները: Միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպության տվյալներով՝ 2005-2015թթ. Իրանում մահապատժի են ենթարկվել 73 անչափահաս հանցագործներ, որոնցից 4-ը՝ նախորդ տարվա ընթացքում[8]: Նրանց մեծամասնությունը դատապարտվել է սպանություն, բռնաբարություն կատարելու, թմրամիջոցների և ազգային անվտանգության հետ կապված տարբեր հանցագործությունների համար: Իրանում անչափահասների նկատմամբ իրականացվող մահապատիժների վերաբերյալ վերջերս իր մտահոգությունը հայտնեց նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Վերջինս նշել էր, որ չնայած Իրանը վավերացրել է երեխաների մահապատիժն արգելող երկու միջազգային կոնվենցիաներ, այնուամենայնիվ, այդ երկրում շարունակում են իրականացվել անչափահասների մահապատիժներ: Պան Գի Մունն Իրանի իշխանություններին կոչ արեց մորատորիում անցկացնել անչափահասների մահապատիժների նկատմամբ[9]:

Չնայած Իրանում մարդու իրավունքների վիճակի ոչ բարվոք լինելուն՝ պետք է ընդգծել, որ վերջին տարիներին այդ երկրի իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել դրանց բարելավման ուղղությամբ: Վերջերս՝ 2015թ., Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում առաջին անգամ նշանակվեց կին դեսպան. այդ երկրի արտգործնախարարության նախկին մամուլի քարտուղարը Մալայզիայում նշանակվեց Իրանի դեսպան: Իսկ 2016թ. փետրվարի 26-ին Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են մոտ 12.000 թեկնածուներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է նախորդ՝ 2012թ. տեղի ունեցած ընտրություններին մասնակցելու համար գրանցված 5.405 թեկնածուների համեմատությամբ: Ընդ որում, այդ գրանցվածների ավելի քան 11%-ը կանայք են: Նույնը օրը կայանալիք մեկ այլ բարձրագույն մարմնի՝ Իրանի Իսլամական Հանրապետության փորձագետների խորհրդի ընտրությունների համար պատմության մեջ առաջին անգամ գրանցվել է կին թեկնածու:

Իրանում մարդու իրավունքների խախտման հետ կապված ԱՄՆ-ի քննադատությանը մշտապես կտրուկ են արձագանքում՝ այն դիտելով որպես միջամտություն երկրի ներքին գործերին: Իրանի իշխանությունների կարծիքով՝ ԱՄՆ-ն իր նպատակների իրականացման համար մարդու իրավունքներն օգտագործում է որպես այլ պետությունների ճնշման գործիք:

Իսրայելի և Սաուդյան Արաբիայի գործոնը

Վաշինգտոնի և Թեհրանի միջև անտագոնիզմի հաջորդ պատճառն այն է, որ Իրանի երկու ամենաոխերիմ թշնամիները՝ Իսրայելը և Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցներն են: Կոնգրեսում ուժեղ են ինչպես հրեական, այնպես էլ սաուդյան լոբբիները, որոնք ամեն կերպ փորձում են խոչընդոտել ամերիկա-իրանական հարաբերությունների բարելավմանը:

Դեռևս 2013թ. վերջերին, երբ Իրանի և «5+1» խմբի միջև ստորագրվեց Ժնևի համաձայնագիրը, ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 50 անդամներ հրեական լոբբիի ազդեցությամբ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրենքի նախագիծ մշակեցին, որը, սակայն, հանդիպեց Սպիտակ տան կոշտ դիմադրությանը, իսկ ԱՄՆ նախագահ Օբաման սպառնաց վետո կիրառել: Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Մարկ Կիրկի հեղինակած օրենքը նախատեսում էր առավել կոշտացնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, եթե վերջինս միջուկային հարցի վերաբերյալ բանակցություններում զիջումների չգնար: Իսրայելի վարչապետ Նաթանյահուն նույնպես մի քանի անգամ հանդես եկավ ԱՄՆ Սենատում: Նա ԱՄՆ վարչակազմին կոչ արեց ոչ մի կերպ համաձայնության չգալ Իրանի հետ, քանի որ վերջինս շարունակում է մնալ ահաբեկիչներին օժանդակող պետություն, որտեղ խախտվում են մարդու իրավունքները և այլն։

Իսկ 2015թ. մարտի 9-ին Միացյալ Նահանգների պատմության մեջ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ ԱՄՆ Սենատի 47 անդամներ հրեական լոբբիի ազդեցությամբ Իրանի հետ տարվող բանակցությունները տապալելու նպատակով նամակ գրեցին վերջինիս գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, որտեղ նշվում էր, որ ցանկացած համաձայնագիր, որը չհաստատվի Կոնգրեսի կողմից, կրելու է ժամանակավոր բնույթ, և Օբամայի նախագահության ավարտից հետո այն կարող է վերանայվել  ԱՄՆ Սենատի կողմից։

Իսրայելի կողմից միջուկային համաձայնագրի տապալմանն ուղղված քայլերին ի պատասխան ԱՄՆ նախագահ Օբաման և պետքարտուղար Քերրին ստիպված եղան մի քանի անգամ պարզաբանումներ տալ ԱՄՆ հրեական լոբբիի ազդեցիկ ներկայացուցիչներին և Իսրայելի իշխանություններին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների բարելավմանը փորձում է խոչընդոտել նաև Սաուդյան Արաբիան։ Իսլամի սուննի ուղղությունը պետական կրոն հռչակած այդ երկիրը թշնամական հարաբերություններ ունի շիական աշխարհի առաջատար Իրանի հետ և ամեն կերպ ձգտում է կանխել ամերիկա-իրանական հարաբերությունների բարելավումը։ Այդ երկրների միջև հարաբերությունները լարվել են 1979թ.՝ Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո: Այդ ժամանակ Իրանի հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնին հայտարարեց, որ պետք է հեղափոխությունն արտահանել այլ իսլամական երկրներ, ինչն անհանգստացրեց և շարունակում է  անհանգստացնել Սաուդյան արքայատոհմի ներկայացուցիչներին:

Սաուդյան Արաբիայի ինչպես նավթի ահռելի պաշարները, այնպես էլ իսլամական աշխարհում ունեցած տեղը նրան ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևոր դաշնակից են դարձնում: Ամերիկա-իրանական հարաբերություններում սկիզբ առած «ձնհալից» անմիջապես հետո Էր-Ռիյադն ամեն կերպ փորձում է Վաշինգտոնին հետ պահել Իրանի հետ հարաբերությունների բարելավումից: Սաուդյան իշխանությունները վերջին տարիներին հարյուրավոր միլիոն դոլարներ են վճարել ամերիկյան լոբբիստական կազմակերություններին՝ Միացյալ Նահանգներում իրենց պետության շահերի առաջխաղացման նպատակով: Չնայած նրանց գործադրած ջանքերին՝ Իրանը և ԱՄՆ-ն աստիճանաբար զարգացնում են հարաբերությունները, ինչն առավել զայրացնում է սաուդցիներին:

Տեսնելով, որ չի կարողանում տապալել միջուկային համաձայնագրի կնքումն Իրանի և «Վեցյակ»-ի միջև՝ Սաուդյան Արաբիան փորձեց հակադրվել ԱՄՆ-ին: Մասնավորապես, 2015թ. մայիսին այդ երկրի թագավոր Սալմանը չմեկնեց Քեմպ-Դևիդ՝ մասնակցելու «Պարսից Ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի» և ԱՄՆ-ի միջև ամենամյա գագաթաժողովին: Քաղաքական մեկնաբանների մեծ մասը Իրանի հետ հարաբերությունները բարելավելու ենթատեքստում դա ԱՄՆ-ին ուղղված յուրօրինակ դեմարշ համարեց:

Այնուհետև Սաուդյան Արաբիան փորձեց պատերազմ հրահրել Իրանի դեմ՝ հուսալով, որ դրանում կներքաշի նաև իր դաշնակից Միացյալ Նահանգներին: Նախ, 2015թ. գարնանը սաուդյան ռազմաօդային ուժերը մի քանի անգամ ռմբակոծեցին Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը՝ մարդասիրական բեռներ կրող իրանական օդանավերին թույլ չտալով վայրէջք կատարել այնտեղ: Ապա իրանական «Իրան շահիդ» անունը կրող նավը, որն առաջին անհրաժեշտության ապրանքներ էր տեղափոխում Եմեն, դուրս եկավ Բենդեր-Աբբաս նավահանգստից և շարժվեց դեպի Եմեն: Իրանցի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաները հայտարարեցին, որ, եթե նավը հարձակման ենթարկվի Սաուդյան Արաբիայի կողմից, տարածաշրջանում նոր պատերազմ կսկսվի: Միայն ԱՄՆ իշխանությունների կոչը՝ զերծ մնալ հակամարտության էսկալացիայից, հնարավորություն տվեց կանխել վերահաս պատերազմը:

Իրանա-սաուդյան հարաբերությունների հաջորդ թեժացումը 2016թ. սկզբին էր, երբ սաուդցիները մահապատժի ենթարկեցին շիա հոգևորական Ալ Նիմրին, չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը սաուդյան իշխանություններին կոչ էր արել հրաժարվել մահապատժի իրականացումից: Դա Իրանի հետ հարաբերությունները սրելուն ուղղված ակնհայտ սադրանք էր: Այնուհետև Իրանի մայրաքաղաք Թեհրանում ցուցարարների ամբոխը հարձակվեց Սաուդյան թագավորության դեսպանատան, իսկ Մեշհեդում՝ հյուպատոսարանի վրա: Շիա հոգևորականի մահապատիժը դատապարտվեց ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի կողմից: Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք սաուդյան իշխանություններին նախազգուշացրել էին հնարավոր հետևանքների մասին և կոչ արեց կողմերին չձգտել լարվածության մեծացմանը: Իսկ այդ  միջադեպից մի քանի օր անց Թեհրանն Էր-Ռիյադին մեղադրեց Եմենում Իրանի դեսպանատունը ռմբակոծելու մեջ, ինչը հերքվեց սաուդյան իշխանությունների կողմից:

Իրանին չկարողանալով պատերազմի մեջ ներքաշել Եմենում՝ Սաուդյան Արաբիան ներկայումս փորձում է նրա դեմ նոր ճակատ բացել Սիրիայում: Նախ փետրվարին սաուդյան իշխանությունները զորքեր և ռմբակոծիչներ տեղակայեցին թուրքական Ինջիրլիկ ռազմակայանում, իսկ հետո հայտարարեցին, որ պատրաստ են Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ցամաքային ռազմական գործողություններ իրականացնել: Սակայն ակնհայտ է, որ նրանց իրական նպատակը ոչ թե ԴԱԻՇ-ն է, այլ՝ Բաշար Ասադին տապալելն ու Իրանի դեմ պատերազմ սանձազերծելը:

Պետք է նկատել, որ որքան էլ Սաուդյան Արաբիայի իշխանությունները փորձեցին Իրանի հետ հակամարտության մեջ ներքաշել ԱՄՆ-ին, առայժմ դա նրանց չի հաջողվում: Օբամայի վարչակազմը մի քանի անգամ բավականին հավասարակշռված հայտարարություններով հանդես եկավ, որտեղ կողմերին զսպվածության և հանդարտության կոչ արեց: ԱՄՆ-ը մշտապես հայտարարել է, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի վրա հարձակման դեպքում կմտնի պատերազմի մեջ և կիրականացնի իր դաշնակցային պարտավորվածություններն այդ երկու երկրների նկատմամբ: Հասկանալի է, որ դա առաջին հերթին վերաբերում է Իրանին: Սակայն մյուս կողմից էլ նկատելի է, որ Միացյալ Նահանգները Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ ունեցած դաշնակցային հարաբերությունների պատճառով չի պատրաստվում Իրանի հետ առճակատման գնալ: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում հաստատակամ է:

Բաշար Ասադի հարցը

Տարաձայնությունների հաջորդ պատճառը Բաշար Ասադի խնդիրն է: Իրանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում հետևյալն է՝ Ասադին կարող է հեռացնել միայն սիրիացի ժողովուրդը: Իրանում կարծում են նաև, որ Ասադի հեռացումից հետո Սիրիան ահաբեկիչների համար կդառնա մի «դրախտավայր», որտեղ նրանք վերջնականապես կհաստատվեն:

ԱՄՆ-ը պնդում է, որ Ասադը պետք է հեռանա, չնայած պետք է նկատել, որ վերջին 1-2 տարիներին ԱՄՆ-ի դիրքորոշումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել Սիրիայի հարցով: Դեռևս 2013թ. ԱՄՆ-ում լրջորեն դիտարկվում էր Ասադին ռազմական ճանապարհով հեռացնելու հարցը: 2013թ. այդ երկրի Պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարեց, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայում, երբ Բարաք Օբաման համապատասխան հրաման տա: Սիրիա ներխուժելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը պաշտպանում էր նաև Մեծ Բրիտանիան, որի բարձրաստիճան պաշտոնյաներն այդ ժամանակ հայտարարում էին ԱՄՆ-ի հետ Սիրիայում ռազմական գործողություններ անցկացնելու ցանկության մասին: Ընդ որում, նրանք Սիրիային մեղադրում էին քիմիական զենք օգտագործելու մեջ: Դրան հետևեց Իրանի չափազանց կոշտ հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ Սիրիայի վրա հարձակման դեպքում Իրանը կոչնչացնի ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելին[10]:

Հայտարարարության մեջ նաև նշվում էր, որ «Սիրիան ԱՄՆ-ի համար կդառնա ավելի մահաբեր և վտանգավոր մարտադաշտ, քան պատերազմը Վիետնամում»: Ակնհայտ է, որ Իրանի կոշտ դիրքորոշումը Սիրիայի հարցով և, հավանաբար, ԱՄՆ-ի ու Իրանի միջև համաձայնությունը Վաշինգտոնին հետ պահեցին Սիրիա մտնելու գաղափարից: Այժմ արդեն Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները Սիրիայի հարցով մեղմել են իրենց հռետորաբանությունը և այլևս չեն խոսում ռազմական ճանապարհով Ասադին տապալելու անհրաժեշտության մասին՝ չնայած պնդում են, որ վերջինս պետք է հեռանա:

Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ: Դրա տակ նրանք ի նկատի ունեն Իսրայելին և Ասադի դեմ մարտնչող ծայրահեղական խմբավորումներին  ցուցաբերվող աջակցությունը: 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ին մեղադրեց «ահաբեկչական քաղաքականության» մեջ: Այդպես նա բնորոշեց ամերիկյան ներխուժումն Իրաք և Աֆղանստան, ինչպես նաև՝ «պաղեստինյան ժողովրդին ճնշող սիոնիստական ռեժիմին» աջակցությունը[11]:

Սակայն, պետք է նկատել, որ Իրանի նախագահ Ռոուհանին որոշակիորեն մեղմացրել է իր հռետորաբանությունն Իսրայելի նկատմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չվատացնելու նպատակով: Ի տարբերություն իր նախորդի՝ Մահմուդ Ամադինեժադի՝ Իրանի ներկայիս նախագահը չի ժխտում հրեական Հոլոքոսթը: Նա հայտարարում է, որ պատմության մեջ մարդկության դեմ յուրաքանչյուր հանցանք, այդ թվում՝ նացիստների հանցագործությունները հրեա ազգի  նկատմամբ, արժանի են կշտամբանքի և դատապարտման:

Իրանի զինվորական որոշ պաշտոնյաներ Միացյալ Նահանգներին երբեմն մեղադրում են Իսլամական պետության ստեղծման և օժանդակության մեջ: Մասնավորապես, 2015թ. ապրիլին Իրանի Գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին հայտարարեց, որ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները մշտապես վայրէջքներ են կատարում Իսլամական պետության կողմից վերահսկվող օդանավակայաններում՝  ահաբեկիչներին հասցնելով զենք, սննդամթերք և գումար[12]:

Ինչպես Իրանն է ԱՄՆ-ին մեղադրում ահաբեկչությանն օժանդակելու մեջ, այնպես էլ ԱՄՆ-ը վերջինիս՝ լիբանանյան «Հզբոլահ» և պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպություններին աջակցելու մեջ: Սակայն Իրանը «Հզբոլահ»-ը և ՀԱՄԱՍ-ը չի համարում ահաբեկչական կազմակերպություններ և շարունակում է աջակցություն ցուցաբերել նրանց:

Պետք է նշել, որ Իրանի ներսում նույնպես կան պահպանողական և ազգայնական ուժեր, որոնք ևս դեմ են ամերիկա-իրանական հարաբերությունների բարելավմանը: Այդ ուժերը մշտապես սուր քնանդատության են ենթարկում Իրանի նախագահին և արտգործնախարարին՝ ԱՄՆ-ի նկատմամբ վարած, իրենց կարծիքով, պարտվողական քաղաքականության համար: Ակնհայտ է, որ Իրանի նախագահ Ռոուհանին և արտգործնախարար Զարիֆն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում ստանում են երկրի գերագույն առաջնորդ Խամենեի աջակցությունը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐԸ ԱՄՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Չնայած ունեցած հակասություններին ու հարաբերությունների զարգացման համար եղած խոչընդոտներին՝ Իրանն ու ԱՄՆ-ն ունեն նաև ընդհանուր շահեր: Առաջին հերթին նրանց շահերը համընկնում են Իրաքում և Աֆղանստանում: Այդ երկու երկրների իշխանությունները ձեռնտու են թե՛ ԱՄՆ-ին, թե՛  Իրանին:

Իրանի և ԱՄՆ-ի միջև շահերի զուգակցման հարթակ կարող է լինել նաև ահաբեկչության նոր ալիքի դեմ պայքարը: Խոսքը վերաբերում է Իսլամական պետության դեմ համատեղ պայքարին: Այդ մասին բազմիցս հայտարարել են նաև ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես՝ պետքարտուղար Քերրին: Չնայած դրան՝ առայժմ Իրանում զգուշավոր են ԱՄՆ-ի հետ Իսլամական պետության դեմ համատեղ պայքարի հարցում:

Միացյալ Նահանգների համար պակաս կարևոր չեն նաև Իրանի ունեցած էներգակիրների պաշարները: Մերձավորարևելյան այդ երկիրը նախատեսում է մոտ ապագայում կտրուկ ավելացնել նավթի արտահանումը, ինչի շնորհիվ նավթի համաշխարհային գներն էլ ավելի կնվազեն: Դա Միացյալ Նահանգներին հնարավորություն կտա ավելի մեծ ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա:

Համաշխարհային բանկի փորձագետների որոշ տեսակետների համաձայն՝ 2016թ. կանխատեսվում է նավթի համաշխարհային գների կտրուկ անկում: «Իրանի ամբողջական վերադարձը համաշխարհային շուկա ի վերջո օրական մեկ միլիոն բարել նավթ կավելացնի՝ գալիք տարում նավթի գինն իջեցնելով մեկ բարելի համար 10 դոլարով», -ասվում է հաղորդագրության մեջ[13]։

Երկու երկրները շահագրգռված են նաև տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ինչը կբարձրացնի նրանց քաղաքական հարաբերությունների մակարդակը: ԱՄՆ-ը շահագրգռված է  Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հարցում, քանի որ այդ երկրի 80 մլն-անոց շուկան բավականին գայթակղիչ է ամերիկյան կապիտալի համար:

Միջազգային պատժամիջոցների հետևանքով կաթվածահար եղած իրանական տնտեսությունը մեծ ներդրումների կարիք ունի: Իրանի ղեկավարությունն արդեն մի քանի անգամ ամերիկյան ընկերություններն հրավիրել է երկիր. «Եթե ամերիկյան ընկերություններն ուզում են ներդրումներ կատարել Իրանում, զարգացնել Իրանի արդյունաբերությունը, ապա մենք չենք տեսնում ոչ մի խնդիր, թող բարով գան»,-վերջերս հայտարարեց Ռոուհանին[14]: Իսկ Իրանի արդյունաբերության փոխնախարարը  հայտարարեց, որ ԱՄՆ-ը կարող է ավտոմեքենաներ արտահանել Իրան՝ որոշակի պայմանների պահպանման դեպքում: Առայժմ այդպիսի հնարավորություն է տրվել միայն «Chevrolet» ընկերությանը[15]:

Վերջերս Իրանի գորգագործության վարչության ղեկավար Համիդ Քարգարը հայտարարեց, որ 2016թ. վերականգնվելու է դեպի Միացյալ Նահանգներ պարսկական գորգերի արտահանումը[16]:Ներկայումս Իրանը և ԱՄՆ-ը բանակցություններ են վարում ուղիղ ավիահաղորդակցություն ունենալու համար[17]:

Վերջապես, Իրանն ԱՄՆ-ի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ լինելով շիական աշխարհի ընդգծված առաջատարը՝ կարող է զսպող դեր ունենալ տարածաշրջանի սունիական պետությունների՝ մասնավորապես՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համար: Պետք է նշել նաև, որ ի տարբերություն սունիների՝ շիաներն առավել խաղաղասեր են և մոտ քրիստոնյա Արևմուտքին: Հավանաբար, հենց այս համատեքստում կարելի է դիտարկել Իրանի նախագահ Ռոուհանիի Վատիկան կատարած այցը և Հռոմի Պապի հետ ունեցած ջերմ հանդիպումը:

ՎԵՐՋԱԲԱՆ

Թե ինչպես մոտ ապագայում կզարգանան ԱՄՆ-Իրան հարաբերությունները, դժվար է կանխատեսել, քանի որ դրանց բարելավմանը խոչընդոտող գործոնները շատ են: Այդ հարաբերությունների վրա ազդում են պատմական անցյալի գործոնը, մարդու իրավունքների վիճակն Իրանում, Սիրիայի հարցում կողմերի հակադարձ դիրքորոշումները, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հանգամանքը, որոնք ամեն կերպ փորձում են տապալել սկիզբ առած մերձեցման գործընթացը:

Սակայն կան նաև ընդհանուր շահեր և հարաբերությունների բարելավմանն ուղղված քաղաքական կամք: Որպես ընդհանուր շահ պետք է նշել ամերիկյան կապիտալի մուտքը իրանական շուկաներ, ինչը երկուստեք ձեռնտու է: Միջազգային պատժամիջոցներից թուլացած Իրանը կարիք ունի մեծածավալ ներդրումների, իսկ այդ երկրի բազմամիլիոնանոց շուկան գայթակղիչ է ամերիկյան ընկերությունների համար: Բացի դրանից Իրանը ցանկություն է հայտնել կտրուկ ավելացնել նավթի վաճառքի ծավալները համաշխարհային շուկայում, ինչը Միացյալ Նահանգներին հնարավորություն կտա շարունակել Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելը:

Նկատելի է նաև, որ ԱՄՆ-ը փորձում է իսլամական աշխարհում  փոխել իր ռազմավարական դաշնակցին: Եթե նախկինում այդ դերը ստանձնել էին Թուրքիան և Սաուդյան Արաբիան, ապա այժմ Վաշինգտոնը կարծես թե խաղադրույքը կատարում է Թեհրանի վրա: Մերձավոր Արևելքում իրադարձությունների նման ընթացքը և ամերիկյան նոր քաղաքականությունը տարածաշրջանում զայրացնում են Սաուդյան Արաբիային, որն ամեն կերպ փորձում է պատերազմ հրահրել Իրանի հետ և դրանում ներքաշել ԱՄՆ-ին: Սակայն, ակնհայտ է, որ Օբամայի վարչակազմը տեղի չի տալիս այդ սադրանքներին՝ ամեն կերպ փորձելով զարգացնել Իրանի հետ ձևավորվող փխրուն հարաբերությունները:

Արմեն Վարդանյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ

[1] Парламент ИРИ готовит закон о компенсации ущерба, нанесенного стране США, 
[2] Лидер призвал к бдительности против враждебности США, 
[3] Президент Ирана: лозунг смерть США не означает, что мы против американской общественности,
[4] Зариф: США необходимо завоевывать доверие иранцев, 
[5] Сумеет ли Конгресс сдержать Иран? 
[6] Хиллари Клинтон выступает за введение новых санкций против Ирана, 
[7] Сенатор Рубио: «я отменю ядерную сделку с Ираном», 
[8] Iran: Growing up on Death Row: The Death Penalty and Juvenile Offenders In Iran, 
[9] Пан Ги Мун обеспокоен правами человека в Иране, 
[10] Иран пригрозил немедленно уничтожить Израиль в случае удара по Сирии, 
[11] Президент Ирана обвинил США в терроризме и одобрил ядерную сделку, 
[12] Иран-США: Иран обличил США в снабжении ИГИЛ оружием, деньгами и продуктами!, 
[13] Համաշխարհային բանկ. Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումը նավթի գները կիջեցնի 10 դոլարով, 
[14] Rouhani invites U.S. firms to invest in changing Iranian economy | Reuters,
[15] США смогут экспортировать автомобили в Иран при соблюдении условий,
[16] Իրանը պարսկական գորգեր կարտահանի ԱՄՆ, 
[17] مستقیم هوایی خط اندازی راه‌ برای آمریکا با ایران مذاکره/ Իրանը և ԱՄՆ-ը բանակցություններ  են վարում ուղիղ ավիաhաղորդակցություն ունենալու շուրջ 

Տեսանյութեր

Լրահոս