ԱՄՆ Պետդեպը հայտարարել է Իրաքում ռադիոակտիվ նյութերի անհետացման մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ իրեն հայտնի է Իրաքի Բասրա քաղաքում պահվող ռադիոակտիվ նյութերի անհետացման մասին, հայտնում է BBC-ն:
Իրաքի իշխանությունները Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությանը հայտնել են շուրջ 10 կիլոգրամ ռադիոակտիվ իրիդիումի (Ir-192) իզոտոպի անհետացման մասին անցած տարեվերջին, սակայն չէին դիմել այն գտնելու խնդրանքով:
Բաղդադում մտավախություն ունեն, որ բնության ու մարդկանց առողջության համար վտանգ ներկայացնող ռադիոակտիվ նյութը ԴԱԻՇ-ի ձեռքն ընկնելու դեպքում կարող է օգտագործվել զենք ստանալու նպատակով:
ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Մարկ Թոների խոսքով՝ դեռ ոչ մի վկայություն չկա, որը մատնանշեր, թե վտանգավոր նյութը ընկել է իսլամիստների ձեռքը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի հետևել իրադարձություններին: