Թուրքիայից Սիրիա են ներթափանցել հարյուրավոր զինյալներ, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի անդամներ. Guardian
Թուրքիայից Սիրիայի տարածք է ներթափանցել ավելի քան 500 «ապստամբ ու իսլամիստ-զինյալ», գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպությանը (Syrian Observatory for Human Rights):
«Նվազագույնը 500 ապստամբ է հատել Բաբ էս-Սալամ սահմանային անցակետը Ազազ քաղաք տանող ճանապարհին, որտեղ նրանք ցանկանում են աջակցություն ցուցաբերել քրդերի դեմ կռվող ապստամբներին, որոնք հաջողություններ են գրանցել նահանգի հյուսիսում»,- հայտնել է կազմակերպության ղեկավար Ռամի Աբդելը:
Նա հաստատել է, որ նրանց թվում կան նաև ԴԱԻՇ-ի զինյալներ, որոնք զինված են:
Բացի այդ՝ ևս շուրջ 350 զինյալ՝ զինված ծանր ու թեթև զինատեսակներով, ենթադրաբար հատել են Թուրքիայի ու Սիրիայի սահմանը փետրվարի 14-ին, նշում է բրիտանական թերթը:
Ազազ քաղաքում, որը գտնվում է Հալեպ նահանգի տարածքում՝ թուրք-սիրիական սահմանից 8 կմ հեռավորության վրա, քրդերը զգալի հաջողությունների են հասել Սիրիայի ընդդիմության ուժերի դեմ պայքարում:
Ընդդիմությունը, այդուհանդերձ, դեռ պայքարում է Ազազ ու Մարեա քաղաքների համար, գրում է The Guardian-ը: