«Ռոսիա մոլի» բացմանը Սերժ Սարգսյանը կժամանի մետրոյով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ կառուցվող «Ռոսիա մոլի» բացման օրը հայտնի է։ Աշխատանքները գրեթե ավարտվել են, այժմ մի քանի կոսմետիկ հարցեր են լուծվում, որոշ խանութներ արդեն ապրանքներ են բերել, որոշները գովազդային վահանակներն են փակցնում, մի խոսքով՝ եռուն աշխատանքային շրջան է։
Սուքիասյանները որոշել են «Ռոսիա մոլը» բացել մարտի 4-ին, իսկ կարմիր ժապավենը կտրելու է անձամբ երկրի նախագահը՝ Սերժ Սարգսյանը։ Մի հետաքրքիր «նյուանս» եւս. մեր տեղեկություններով, «մոլի» բացմանը մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաները՝ երկրի նախագահի գլխավորությամբ, կժամանեն մետրոյով։ Սերժ Սարգսյանը «Մարշալ Բաղրամյան» կայարանից մետրո կնստի եւ կիջնի «Զորավար Անդրանիկ» կանգառում՝ այդկերպ նաեւ ուսումնասիրելով, թե ինչ վիճակում է մետրոն։ Նշենք, որ Սուքիասյանների կենտրոնի առավելություններից մեկը լինելու է մանկական զվարճանքի կենտրոնը, որտեղ մայրիկները կարող են իրենց երեխաներին թողնել ու զբաղվել գնումներով, եւ որտեղ երեխաների մտավոր ու ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ թանկ խաղեր ու հարմարություններ կան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: