Օբաման արձակեց Պուտինի ձեռքերը Սիրիայում. Times
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնարավորություն է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթող դառնալ սիրիական հակամարտությունում, որը իսկական աղետ դարձավ Արևմուտքի համար: Ռուսական արշավանքը Սիրիայում զրոյի է հասցնում կոնֆլիկտի լուծման բոլոր շանսերը, գրում է Times-ը:
«Ռազմավարական որոշումներ կայացնելու փոխարեն Բարաք Օբաման նախընտրում է քարոզներ կարդալ: Դրա գինը դարձավ Սիրիայի կորուստը»,- գրում է հոդվածագիրը:
«Օբաման Սպիտակ տուն է հրավիրել նախագահների մասին գրող պատմաբանների: Նրանք պետք է ասեն Օբամային, որ պատմության մեջ կմնա ոչ թե Իրանի հետ միջուկային գործարքն ու Աֆղանստանում մարտադաշտից հեռանալը, այլ այն, որ ամերիկացիները սիրիացիներին թողեցին բախտի քմահաճույքին:
Զարմանալի չէ, որ Վլադիմիր Պուտինը իր համար Սիրիայում հնարավորություն զգաց: Սիրիական հողում ԱՄՆ ներկայիս ադմինիստրացիայի հետ ուղղակի հակամարտության գնալու շանսերը նվազագույն էին, ու դա ազատեց Պուտինի ձեռքերը»,- գրում է հոդվածագիրը:
Ներկայում Սիրիայում ռուսական բլիցկրիգ է, որն ուղղված է ցանկացածի դեմ, ով կարող է տհաճություններ պատճառել Ասադին, նշում է պարբերականը՝ Օբամային մեղադրելով նրանում, որ նա «բացեց դարպասներն այդ սարսափելի ռուսական արշավանքի համար, որը զրոյացնում է հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր շանսերը:
Օբաման, ըստ Time-ի, սխալներ թույլ տվեց նաև 2011թ. արաբական հեղափոխությունների ժամանակ՝ չմտածելով դրանց հետևանքների մասին ու չզբաղեցնելով կոշտ դիրքորոշում, համենայն դեպս, Սիրիայի նկատմամբ:
«Այդ թուլությունից օգտվեց Ռուսաստանի նախագահը: Անգամ քրդերը, որոնք եղել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարող լավագույն մարտիկները, սկսում են նայել Ռուսաստանի կողմը՝ մտածելով, թե արդյոք այն ավելի լավ դաշնակից չէ Արևմուտքի համեմատ»,- գրում է հոդվածագիրը:
Օբաման, ամենայն հավանականությամբ, կհաշտվի ռուսական դիրքորոշման հետ, համաձայն որի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ոչ միայն կմնա իշխանության ղեկին, այլև նրան չեն անհանգստացնի այնքան ժամանակ, քանի դեռ ԴԱԻՇ-ը չի վտարվել Սիրիայից: