Դատապարտյալը ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է քրեակատարողական վարչության ծառայողներին
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Նալբանդյանն իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին, 2015 թվականի մայիսի 25-ին հայտնել էր, որ 2015 թվականի ապրիլի 18-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչական շենքում քրեակատարողական վարչության ծառայողները բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմեն Նալբանդյանի կողմից հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես՝ Ա. Նալբանդյանը հայտնել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներն իրականում իրեն ծեծի չեն ենթարկել, մարմնական վնասվածքներ չեն պատճառել, ընդհակառակը՝ դեպքի օրը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում ինքը չի ենթարկվել հիշյալ հիմնարկի ծառայողների օրինական պահանջներին` վերջիններիս հրելով փորձել է մուտք գործել հիմնարկի բնակելի գոտի:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել հիշյալ վարչության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Միաժամանակ հաշվի առնելով, որ դատապարտյալ Արմեն Նալբանդյանի արարքում առերևույթ կան ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: