Բաժիններ՝

Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» դուրս է եկել Ռադայի իշխող կոալիցիայից

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դուրս է եկել իշխող կոալիցիայից՝ այդկերպ բողոքելով Ուկրաինայի ներկայիս վարչապետ Արսենի Յացենյուկի վարչապետական պաշտոնի դեմ, հայտնում է BBC-ն:

Տիմոշենկոն կոչ է արել Գերագույն ռադայի խորհրդարանական խմբակցություններին հետևել իր կուսակցության օրինակին ու հեռանալ կոալիցիայից:
Ավելի վաղ «Բատկիվշչինան» հայտարարել էր, թե հետ է կանչում երկրի կառավարության կազմում իր միակ նախարարին՝ Իգոր Ժդանովին, որը գլխավորում է Ուկրաինայի սպորտի ու երիտասարդության նախարարությունը:

Մեկնաբանելով այդ որոշումը՝ Տիմոշենկոն ասել է, թե երեկ տապալված քվեարկությունը կառավարության հրաժարականի մասին, ցույց է տվել, թե ոչ մի կոալիցիա էլ փաստացի գոյություն չունի:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան չի կարողացել ստիպել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի կառավարությանը հրաժարական ներկայացնել, հայտնում է BBC-ն:
Ուկրաինայի կառավարությանը անվստահության քվե հայտնելու բանաձևի օգտին խորհրդարանում քվեարկել է ընդամենը 194 պատգամավոր, այնինչ հարկավոր էր գրեթե 30 ձայն ավելի:

Ուկրաինայի կառավարության կաբինետին անվստահություն հայտնելու բանաձևը ներկայացրել էր «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն:

Մինչ այդ, խորհրդարանը կառավարության աշխատանքն «անբավարար» էր համարել կաբինետի աշխատանքի մասին զեկույցից հետո, որը ներկայացրել էր Յացենյուկը:
Գերագույն ռադան նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու հարցին կարող է վերադառնալ խորհրդարանի հաջորդ նստաշրջանի ժամանակ, որն սկսվում է սեպտեմբերի 6-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս