Մանրամասներ` Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում բախվել են «Դոջ» մակնիշի և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է.Խաչատրյանը և ուղևորուհի Մ.Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ նույն մեքենայի մյուս ուղևորներ Թ.Մարգարյանը, Խ.Խաչատուրյանը և 7 ամսական փոքրիկը տեղափոխվել են «Ապարան բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն, քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: