Կրեմլը հերքում է Սիրիայում հիվանդանոցի ռմբակոծման մասին մեղադրանքները
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանի կողմից Սիրիայի Իդլիբ նահանգում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը ռմբակոծելու մասին լուրերը:
«Մենք կտրականապես չենք ընդունում նման հայտարարությունները, ավելին, ամեն անգամ նրանք, ովքեր անում են նման հայտարարություններ, ի վիճակի չեն գոնե մեկ անգամ հաստատել իրենց մեղադրանքները»,- նրա խոսքերը մեջբերում է TASS-ը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլն անբավարար է համարում ավերված հիվանդանոցի լուսանկարները, Պեսկովը կոչ է արել կողմնորոշվել սկզբնաղբյուրով: Նա նշել է, որ ռուսական իշխանությունների համար նման աղբյուր կարող են համարվել միայն Սիրիայի պաշտոնական անձանց հայտարարությունները:
Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը հիվանդանոցի ոչնչացման մեջ մեղադրել է ամերիկյան ինքնաթիռներին:
Նշենք, որ ամերիկացիները այդ տեղեկությունը ոչ արժանահավատ են համարում՝ նշելով, որ իրենց ավիացիան չի գործում Իդլիբ նահանգում:
Հիշեցնենք, որ Իդլիբի հիվանդանոցի ավերման մասին տեղեկությունը հայտնի դարձավ երեկ: Զոհրի թիվը գնահատվում է որպես 7 մարդ, ևս 8 մարդ անհետ կորած է համարվում:
Կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ հարվածի պատասխանատվությունը կրում է կա´մ Ռուսաստանը, կա´մ Սիրիան: