Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Արման Մանարյանը
Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ Արման Մանարյանը:
Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 15-ին, Թեհրանում։ 1949 թվականին ներգաղթել է Հայաստան։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա ուսումը շարունակել Երևանի պետական կոնսերվատորիայում։ Սովորել է նաև Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), որի ռեժիսորական բաժինն ավարտելուց հետո նվիրվել է կինոֆիլմերի նկարահանման գործին։ 1961-ին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը։ Դրանից հետո «Կարինե» (1967), «Հեղնար աղբյուր» (1971), «Վերադարձ» (1972), «Մորգանի խնամին», «Բյուրականի աստղադիտարանը» և այլ կինոնկարներ։ Գրել է նաև ֆիլմերի սցենարներ։
Արման Մանարյանը նաև «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է։ Մուլտֆիլմի սցենարը թեև գոյություն է ունեցել դեռևս 1995-ից, սակայն նկարահանումները սկսվել են միայն 2001 թվականից և ավարտին հասցվել 2009 թվականին։ Տարեկան հնարավոր է եղել ավարտել ընդամենը 10 րոպեանոց հատված։ «Սասնա ծռեր» մուլտֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Արման Մանարյանն է, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը։