Բաժիններ՝

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Բադալյանը նախարարության ենթակայությամբ գործող Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին՝ Անուշ Տեր-Մինասյանին:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել թանգարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանին՝ կառույցի հիմնադրման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար, վստահություն հայտնելով, որ նա հետայսու իր փորձառությամբ և գիտելիքներով կաջակցի թանգարանի նոր ղեկավարին և համակազմին:

Թանգարանի նորանշանակ տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, ով նույնպես թանգարանային գործի հմուտ գիտակ է (երկար տարիներ ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ռուսական արվեստի թանգարանը), իր հերթին վստահեցրեց, որ ճարտարապետության թանգարանն իր համար հարազատ վայր է և ստանձնելով ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը, աշխատելու է համագործակցաբար՝ հենվելով նախորդ շրջանի փորձի վրա:

Ի դեպ, ՀՀ քաղաքաշինության նախարարության ՊՈԱԿ հանդիսացող երկու՝ Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկայում կմիավորվեն, արդյունքում ձևավորելով Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը:

Այդ կերպ թանգարանային ոչ բավարար պայմաններ ունեցող երկու հաստատությունները միավորելով հնարավոր կլինի ստեղծել մեկ թանգարան, որը կունենա և մշտական ցուցադրություն և միաժամանակ ցուցահանդեսներ, սեմինարներ և մասնագիտական վարպետաց դասեր կազմակերպելու դահլիճ, ի հավելումն՝ ֆոնդերի պայմանները կբարելավվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս