Սերժ Սարգսյանի ելույթը «զենք» է Թևան Պողոսյանի ձեռքին
«Բնականաբար, իշխող կուսակցությունը կորցրել է վստահությունը, ու ինչ էլ ասում են, մարդիկ չեն հավատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նա նշեց, որ նախագահի այս ելույթն իր համար ավելի շատ նման է մի զենքի, որն ինքն ամեն անգամ կվերցնի ու իշխանությունների հետ տարբեր քննարկումներին կօգտագործի. «Կասեմ՝ արդյոք դուք ինքներդ չե՞ք հարգում ձեր կուսակցության ղեկավարի խոսքը»:
Թ. Պողոսյանի համար նախագահի ելույթում երկու նորություն կար.
«Առաջինը, որ իր թիմակիցներին ասում է՝ բավ է արդեն, եթե պատրաստ եք մի բան փոխել, ապա վերցրեք պատասխանատվությունը ձեզ վրա, և պետք չէ ասել՝ վերևն է մեղավորը: Երկրորդ նորությունը՝ առաջին անգամ ասվեց, որ պետք է գիտակցում, որ հայրենիքը սիրում են ոչ միայն ՀՀԿ-ականները, այլև այլ մարդիկ, ու նրանք էլ ունեն փայլուն փորձագետներ: Համակարգային փոփոխություններ բերելու համար պետք է ընդլայնել ինչպես՝ մարդկային ռեսուրսները, այնպես էլ՝ մոտեցումները»:
Ըստ նրա՝ ընդամենը մեկ ամիս է պետք՝ հասկանալու, թե այդ ելույթում ասածներն ընկալվե՞լ են, թե՞ ուղղակի սիրուն ելույթ էր:
«Իրականում խոսքն ուղղված էր թիմին, դրա համար էլ թիմն էր այդտեղ նստած, բայց քանի որ հեռարձակվում էր, նաև նշանակում էր՝ թափանցիկ պետք է աշխատենք»,- նշեց պատգամավորը: