Բաժիններ՝

Ինչպե՞ս է «Իսլամական պետությունը» սպառնում Վրաստանին 

Թբիլիսին հերյուրանք է համարում ռուսական կողմի այն պնդումները, թե ջիհադիստները մարզական ճամբարներ են հիմնել Վրաստանում:

Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ Վրաստանի հեռավոր Պանկիսի կիրճում իսլամական արմատականացման վրա կենտրոնանալը կարող է շեղել ուշադրությունը երկրի այլ հատվածներում առկա ծայրահեղական սպառնալիքներից:

Հայտնի է, որ Պանկիսի կիրճի մի քանի տասնյակ բնակիչները համալրել են «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների շարքերը Սիրիայում եւ Իրաքում: Այս շրջանը, որը 160 կիլոմետր հյուսիս-արեւելք է Վրաստանի մայրաքաղաքից, անցյալ ամիս կրկին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Պանկիսի կիրճում ջիհադիստների մարզական ճամբարներ կան:

Հունվարի 26-ին հեռուստատեսությամբ հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ, Լավրովը հայտարարել էր, որ ԻՊ զինյալներն «օգտագործում են այս դժվարամատչելի տարածաշրջանը մարզվելու, հանգստանալու եւ իրենց պաշարները վերականգնելու համար»:

Նախորդ ամիս Հարավային Օսիայի անջատողական շրջանի դե-ֆակտո կառավարական պատվիրակության ղեկավար Դավիթ Սանակոյեւը նույնպես հանդես էր եկել հայտարարությամբ, թե Պանկիսիում ԻՊ զինյալներ կան:

Կիրճի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են, ներառյալ՝ մեծ թվով էթնիկ չեչեններ: 2002-ին Չեչնիայի պատերազմի ժամանակ Ռուսաստանը մեղադրվում էր այն ժամանակ ապստամբների հենարան համարվող Պանկիսի կիրճը ռմբակոծելու մեջ:

Լավրովի մեկնաբանությունները մտահոգությունների տեղիք տվեցին պաշտոնական Թբիլիսիին, որը, սակայն, չզլացավ կտրականապես հերքել ՌԴ արտգործնախարարի պնդումները:

«Ես միանգամայն համոզված եմ, որ մեր իրավապահ մարմինները լիովին վերահսկում են իրավիճակը Պանկիսի շրջանում», – ըստ «Gruziya Online» լրատվական կայքի, հունվարի 29-ին նշել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ազգային անվտանգության խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:

Չբավարարվելով այս հայտարարությամբ, նախագահը հաջորդ օրն իսկ մեկնել էր Պանկիսի կիրճ ԱՄՆ եւ ԵՄ դեսպանների ուղեկցությամբ՝ այցելելով կիրճի ամենամեծ բնակատեղին՝ Դուիսի գյուղը:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին հայտարարել էր, որ Թբիլիսին եւ Վաշինգտոնը սերտորեն համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում:

georgia-pankisi-1-iwpr

«Վարչապետը հստակ հայտարարել է, որ այստեղ՝ Պանկիսի կիրճում, ահաբեկիչների մարզական ճամբարներ չկան, եւ դուք լսեցիք, թե ինչպես նախագահը կրկնեց դա, – ինչպես նշվում է ԱՄՆ դեսպանատան կայքում, հայտարարել էր դեսպանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: – Ես անվերապահորեն հավատում եմ նրանց խոսքերին: Պանկիսի կիրճում ահաբեկիչների մարզական ճամբարներ չկան»:

Կիրճում շուրջ 8 հազար քիստեր են բնակվում՝ մահմեդական էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ, որոնք մոտ են Հյուսիսային Կովկասի չեչեններին: Այստեղ ապրում են նաեւ չեչեն փախստականներ, ովքեր լքել են իրենց հողերը վերջին քսան տարվա ընթացքում տեղի ունեցած երկու պատերազմների ժամանակ:

Չեչնիայից եկածների մի մասն իրենց հետ են բերել նաեւ իսլամական արմատական գաղափարախոսությունը: Իսլամի այս պահպանողական ուղղությունը կոչվում է վահաբիզմ` անորոշ հասկացություն, որով բնորոշվում են սուննի արմատական գաղափարախոսության զանազան դրսեւորումները:

ՊԱՅՔԱՐ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ենթադրվում է, որ Վրաստանի առնվազն 200 քաղաքացիներ են մեկնել Սիրիա եւ Իրաք՝ ԻՊ շարքերում կռվելու նպատակով:

Չնայած պաշտոնական տվյալներով՝ նրանցից միայն 30 են Պանկիսի կիրճից եղել, այլ գնահատականներով՝ այս թիվն ավելի մեծ է: Տեղական նոր աղբյուրներից մեկի՝ Կախեթիի տեղեկատվական կենտրոնի (ԿՏԿ) համաձայն, օրինակ, միայն Պանկիսի կիրճից ԻՊ միացողների թիվը հասնում է 50-ի:

Իսկ «Ուեյք ֆորեսթ» ամերիկյան համալսարանի գիտաշխատող Բեննեթ Քլիֆորդը, ով անցյալ տարի Վրաստանում հետազոտություն էր անցկացրել, նշում է, որ Պանկիսի կիրճից «Իսլամական պետության» զինյալներին միացողների թիվն իրականում կարող է լինել նշված վերջին տվյալի կրկնապատիկը:

Հունվարի սկզբին վրացական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Պանկիսի կիրճից ԻՊ շարքերում կռվող երկու քսանն անց երիտասարդներ՝ Ռամզան Փարեուլիձեն եւ Միխադ Թուրքոշվիլին զոհվել էին Սիրիայում: Երկուսն էլ, հավանաբար, կռվել են ԻՊ հրամանատար Թարխան Բաթիրաշվիլիի ղեկավարության ներքո, ով նույնպես Պանկիսի կիրճից է եւ առավելապես հայտնի է Աբու Օմար ալ-Շիշանի անվամբ:

georgia-pankisi-9-onnik_krikorian

Այնուամենայնիվ, Քլիֆորդի խոսքով, Պանկիսի կիրճի վրա կենտրոնանալու դեպքում՝ Վրաստանի այլ հատվածներում տիրող ծայրահեղական տրամադրությունները կարող են անտեսվել: Նա նշում է, որ չնայած իրենց սակավաթվությանը, վրաստանաբնակ այլ մահմեդականները նույնպես խոցելի են: Քլիֆորդը մատնանշում է հատկապես Վրաստանի հարավային հատվածը՝ Աջարիան, որտեղ քրիստոնյաների խտրական վերաբերմունքը մահմեդականների նկատմամբ կարող է խթանել այստեղ ծայրահեղականությունը:

Սիրիա եւ Իրաք մեկնողների շարքերում, ըստ ամերիկացի հետազոտողի, «էթնիկ վրացի մահմեդականներ են Աջարիայից, էթնիկ ադրբեջանցիներ եւ հավանաբար փոքր թվով քրիստոնյաներ, ովքեր մահմեդականություն են ընդունել»:

«Քաղաքական գործիչները պետք է գիտակցեն, որ բռնի ծայրահեղականության եւ արմատականացման խնդիրը տարածվել է: Այն այլեւս դադարել է պարզապես «Պանկիսիի խնդիր» լինելուց: Պետությունը եւ տեղական համայնքները պետք է այնպիսի ռազմավարություն որդեգրեն, որը թույլ կտա լուծել որոշակի խնդիրներ, որոնց առջեւ այսօր կանգնած են առանձին մահմեդական համայնքները Վրաստանում», – հավելում է Քլիֆորդը:

Անցյալ տարվա նոյեմբերին «Իսլամական պետության» տարածած տեսագրությունում երեւացող ԻՊ միացած վրացիները ծագումով առավելապես Աջարիայից ու Գուրիայից էին, քան Պանկիսի կիրճից: Նրանցից մեկը՝ Խվիչա Գոբաձեն, տարեսկիզբին զոհվել է Սիրիայում:

2015-ի նոյեմբերին նաեւ հայտնի դարձավ, որ Մերման Փայչաձեն, ով Աջարիայից սողանքների հետեւանքով տեղահանված մի քանի հազար բնակիչ ունեցող Ծալկա քաղաքի իմամն էր, ընտանիքով տեղափոխվել էր Սիրիա:

Քլիֆորդի խոսքով, Փայչաձեն կապ ուներ Թամազ Չաղալիձեի հետ, ով նույնպես Աջարիայից մեկնել էր Սիրիա:

2015-ի սկզբին Չաղալիձեն համացանցում սպառնացել էր Վրաստանին՝ հետեւյալ գրառումը թողնելով. «Մենք այնպիսի աղմուկ կբարձրացնենք Աջարիայի նկատմամբ ձեր Պատրիարքարանի գործադրած ճնշումների շուրջ, որ դուք՝ սքեմ կրող առնետներդ, կափսոսաք, որ սողուններ չեք ծնվել»:

«Երդվում եմ Ալլահով, որ դուք՝ բոլոր անհավատներդ, ամեն ինչի համար ձեր կեղտոտ արյունով եք վճարելու»:

ԱՅԼ ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

Փորձագետները նախազգուշացնում են, որ Վրաստանում բնակվող ադրբեջանական ազգային փոքրամասնությունը եւս հայտնվել է ծայրահեղականության սպառնալիքի տակ:

Անցյալ ամիս 23-ամյա Ֆիքրեթ Ահմեդովը դանակահարության զոհ էր դարձել վահաբիստի ձեռքով, երբ Վրաստանի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում քննադատել էր իր հայրենի գյուղում՝ Փոնիչալայում, ծայրահեղական Իսլամի տարածման միտումը: Երիտասարդի սպանությունից հետո Թբիլիսիի մոտակայքում գտնվող այս գյուղում, որտեղ բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներ են, վահաբիզմի դեմ բողոքի ցույց տեղի ունեցավ:

Փոքրամասնությունների խնդիրների եվրոպական կենտրոնի (ECMI) Թբիլիսիի գրասենյակի ծրագրի ղեկավարի օգնական Գեորգի Բոբղիաշվիլին հետեւել էր այստեղ զարգացող իրադարձություններին:

«Ընդհանուր առմամբ, հետաքրքրությունը (ծայրահեղականության նկատմամբ) այնպիսին չէ, ինչպես Պանկիսիում, Աջարիայում կամ Գուրիայում, բայց այստեղ դեռեւս ակտիվորեն սալաֆիզմ են դավանում, ու այն հիմնականում ազդեցություն ունի երիտասարդ սերնդի վրա, իսկ համացանցն օգտագործվում է որպես (տեղեկատվության) հիմնական աղբյուր եւ հավաքագրման գործիք», – ասում է նա IWPR-ի թղթակցին:

Սիրիա մեկնած առաջին երկու կանայք, պարզվում է, ադրբեջանական Քարաջալա գյուղից են, որ գտնվում է Վրաստանի արեւելքում:

«Քարաջալան սուննի ադրբեջանցիների միակ գյուղն է Կախեթիում, մինչդեռ մյուս չորս գյուղերում, որտեղ հրաժարվել են ծայրահեղական գաղափարախոսությունից, շիաներ են բնակվում», – նշում է Բոբղիաշվիլին:

«Նման միջադեպերն ավելի հաճախ են կրկնվում, ինչը նշանակում է, որ երկրի շրջաններում պահպանվող մահմեդական կառույցների առջեւ նոր մարտահրավերներ են ծառանում: Քարաջալայում մի շարք դեպքեր են եղել, երբ սալաֆիները կտրել են գրպանահատների մատները, քանի որ Շարիաթի օրենքների նրանց մեկնաբանությամբ՝ նման արարքի համար այսպիսի պատիժ է սահմանված», – հավելում է Քլիֆորդը:

Ամերիկացի հետազոտողի խոսքով՝ սալաֆիզմի նման պանիսլամական շարժումների հիմնական շարժիչ ուժը կրոնական ինքնությունը ազգայինից տարանջատելու ձգտումն է:

«Վրաստանի ադրբեջանական փոքրամասնության համար սա արտահայտվում է մրցակցության միջոցով համայնքի այն անդամների միջեւ, ովքեր կողմնակից են Իսլամի «ավանդական»՝ շիա եւ սուննի ուղղություններին, որոնք հաճախ սերտորեն կապված են Վրաստանի պետական եւ քաղաքական կառույցներին, եւ նրանց միջեւ, ովքեր հրաժարվում են ավանդականությունից այն գաղափարի հիման վրա, որ վրացական ազգային ինքնությունն անհամատեղելի է մահմեդական ինքնության հետ», – ասում է նա:

Բոբղիաշվիլին նշում է, որ նման գաղափարախոսությունը, ամենայն հավանականությամբ, տարածվում է այն համայնքներում, որտեղ կրոնական ծիսակարգերը եւ Իսլամի ավանդական ուղղությունները թույլ են:

georgia-pankisi-2-iwpr

Քլիֆորդն իր հերթին այն կարծիքին է, որ այս հանգամանքը կարող է խնդրի պոտենցիալ լուծում առաջարկել:

«Սա մատնանշում է մահմեդական անկախ կառույցների քանակը եւ հարաբերական ուժը տարբեր դավանանքների հետեւորդների միջեւ հակամարտության արդյունքները սահմանափակելու հարցում: Անկասկած, Վրաստանի ադրբեջանական համայնքը դեռեւս գտնվում է արմատականացման մեծ ազդեցության տակ, սակայն իրադրությունը կարելի է փոխել դեպի լավը կրոնական կրթության որակի բարելավման մեթոդների հաշվին, ներգրավելով տեղական համայնքների առաջնորդներին ինստիտուցիոնալ որոշումների կայացման գործընթացում եւ «ներքեւից վերեւ» ռազմավարությունը կիրառելով, բռնի ծայրահեղականությունը եւ տարբեր դավանանքների հետեւորդների միջեւ հակամարտությունները կանխելու նպատակով», – պարզաբանում է նա:

Օնիկ Ջեյմս Գրիգորյան
լրագրող եւ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական է Մեծ Բրիտանիայում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս