«Մարդիկ ստացած 30 հազար դրամով կոմունալ մուծե՞ն, երեխա պահե՞ն, թե՞ առևտուր էնեն»
asparez.am-ը գրում է. Գյումրու շուկաներում նկատելիորեն նվազել է գնորդների քանակը: Առեւտրականներից շատերը դժգոհում են վաճառքից եւ դրան խոչընդոտող գնաճերից:
Արդյո՞ք շուկաների ներկայիս դատարկությունը արտագաղթի կամ գնաճի հետեւանք է. Այս հարցի շուրջ զրուցեցինք «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի առեւտրականներից մի քանիսի հետ: Ըստ նրանց պնդման, երկու գործոններն էլ էական ազդում են շուկայում գնորդների կտրուկ նվազման եւ առեւտուր չլինելու վրա:
-Սաղ քաղաքից կփախնին, մենք էլ հնար չունինք փախնելու, ու՞ր փախնինք, ի՞նչղ: Հազիվ օրվա հացի փող կաշխատինք, էն էլ կտեսնիք` կյանքի գնով: Էս ցուրտ պայմաններում շուն կսատկի, բայց մենք առավոտվա յոթից ստեղ ենք՝ մինչեւ գիշերվա յոթը: Առեւտուրն էլ առաջվանը չէ, մարդ չի մնացել: Ով էլ որ մնացել է, ավելի շատ խանութներից կառնի,- դժգոհելով՝ ասում էր նպարեղեն վաճառող տիկին Ջուլիետան:
Առեւտրականներից մեկն էլ խոչընդոտը տեսնում է ապրանքի գնաճի եւ ցածր աշխատավարձերի մեջ:
-Գյումրիում աշխատատեղ չկա, գումար չկա, դրա համար մարդիկ փախչում են այս քաղաքից: Քաղաքում քչերն են մնացել, ովքեր էլ մնացել են՝ կամ բանկերին պարտք ունեն կամ ապառիկ, եւ ստիպված՝ չեն կարող արտագաղթել: Մարդիկ ստացած 30 հազար դրամով կոմունա՞լ մուծեն, երեխա՞ պահեն, թե՞ առեւտուր էնեն,- բողոքում է մրգավաճառ Աիդան:
Առեւտրականներից շատերը հրաժարվում էին խոսել` պատճառաբանելով, որ դա իրենց հացի, մրսածության խնդիրը չի լուծի, եւ իրենց խոսքը ոչ մի նպատակի չի ծառայի: