Բաժիններ՝

Տաթևի տարածաշրջանի նորապսակ զույգերը IDeA-ի նախաձեռնությամբ համատեղ նշեցին Տեառնընդառաջի տոնը

Տեառնընդառաջի տոնն այս տարի նույնպես մեկտեղել էր Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում ընդգրկված բնակավայրերի  նորապսակ  զույգերին: Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ նորապսակների համար օրհնության կարգ կատարվեց:  Ներկաները վայելեցին նաեւ Տաթեւի վանքի երգչախմբի կատարումները:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի  «Տաթեւի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ արդեն երկրորդ  տարին Տեառնընդառաջի տոնն առանձնահատուկ կերպով է նշվում Տաթեւում: Նորապսակների եւ հյուրերի համար կազմակերպվել էր տոնական  համերգ, հյուրասիրություն,  ազգային տարազներով լուսանկարվելու հնարավորություն:

14.02 tatev2

«Այս միջոցառումները նպաստում են եկեղեցու շուրջ համախմբմանը, մեր հին ավանդույթների վերականգնմանը: Լիահույս ենք, որ Տեառնընդառաջի տոնին տարածաշրջանի համայնքների երիտասարդ զույգերի համախմբված այցը եկեղեցի գեղեցիկ ավանդույթ կդառնա»,-ասում է  Միքայել վարդապետ Գեւորգյանը:

Տոնական միջոցառումների կազմակերպման նպատակը ոչ միայն երիտասարդ զույգերին համախմբելն է,  հոգեւոր կյանքի վերազարթոնքին նպաստելը, այլեւ ազգային մշակույթն ու ավանդույթները, տոները ներկայացնելու միջոցով  զբոսաշրջային ոչ ակտիվ շրջանում տարածաշրջանում կյանքի աշխուժացումը:

14.02 tatev 12.04tatev4 (2) 14.02 tatev3

«Արդեն երկրորդ տարին ենք կազմակերպում այս միջոցառումը եւ մտադիր ենք այն ավանդական դարձնել: Ազգային մշակույթի հետ փոխկապակցվող միջոցառումները հետաքրքիր են նաեւ զբոսաշրջիկների համար, եւ  հույս ունենք, որ  տարիներ անց այն յուրօրինակ տոն կդառա, որը կխթանի զբոսաշրջիկների հոսքը տարածաշրջան  անգամ  զբոսաշրջային ոչ ակտիվ շրջանում: Դա նաեւ մուլտիպլիկատիվ  ազդեցություն է ունենում՝ նպաստելով համայնքների զարգացմանը, ինչը մեր ծրագրի կարեւոր բաղադրիչներից է»,-նշում է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը:

Միջոցառումներին ներկա էին նաեւ IDeA-ի գործընկեր  Սմիթսոնյան Ինստիտուտի  ներկայացուցիչները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  (USAID ) աջակցությամբ իրականացվող «Իմ Հայաստան» (My Armenia) մշակութային զբոսաշրջության զարգացման  ծրագրի շրջանակում:

«Մեր գործընկերներն այստեղ են՝ ծանոթանալու Տաթեւի տարածաշրջանում մշակութային զբոսաշրջության զարգացման հնարավորություններին եւ հանդիպելու ու զրուցելու համայնքի ներկայացուցիչների հետ: Համոզված ենք, որ  այս տարածաշրջանն այդ առումով զարգացման  լուրջ նախադրյալներ ունի»,-նշում է IDeA հիմնադրամի զբոսաշրջային ծրագրերի ղեկավար Արմինե Իսրայելյանը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս