Բաժիններ՝

Բարձր ջերմաստիճանը կպահպանվի, իսկ փետրվարի 17-20 փոքր ինչ կբարձրանա

Փետրվարի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 288 դեպքի: ՓԾ տնօրենը հայտնեց, որ Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերը հունվարի 15-ից մինչ օրս աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Նշված ժամանակահատվածում օգնություն է ցուցաբերվել ձյան մեջ արգելափակված 601 մեքենայի և 1377 քաղաքացու:

Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց, որ շարունակվում են աշխատանքները նախարարության թանգարանի ստեղծման ուղղությամբ, որտեղ ներկայացվելու են հրշեջ-փրկարարական խմբերի ստեղծման և փրկարարական գործողությունների մասին պատմող բացառիկ ցուցանմուշներ և արխիվային լուսանկարներ:

«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հաղորդեց, որ շուտով պատրաստ կլինի սեյսմիկ պաշտպանության ծառայության՝ 2016 թվականին նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց մոտակա օրերի եղանակի կանխատեսումը: Լ. Վարդանյանի փոխանցմամբ՝ գրանցված բարձր ջերմաստիճանը կպահպանվի, իսկ փետրվարի 17-20 փոքր ինչ կբարձրանա:

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը զեկուցեց Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի համայնքների ուժեղացման ծրագրերի աշխատանքների մասին, որոնց ընթացքում աջակցություն է ցուցաբերվում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս