«Վերևում» պատասխանատվությունից խուսափող և քննադատությունից վախեցող չկա. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա իր ելույթում ասել է. «Գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա: Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչև իշխանության ամենաբարձր օղակ: Սրանով իրենց կարծիքով երկու կարևոր խնդիր է լուծվում.

1. հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում և, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով,

2. պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց:

Երկու հստակ դիտարկում ունեմ այս առիթով, որ ուզում եմ բոլորը լավ հիշեն.

1. նախ «վերևում» պատասխանատվությունից խուսափող և քննադատությունից վախեցող չկա,

2. հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց:

Մեր խնդիրների լուծումը մեզնից դուրս չպետք է փնտրել: Այո՛, մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր խնդիրների, և մենք ենք լուծողը այդ խնդիրների:

Մեզնից յուրաքանչյուրը, ինչպիսին որ ուզում է տեսնել իր շրջապատը, իր ընտանիքը, իր ընկերներին, իր հասարակությունն ու պետությունը, առաջին հերթին ինքն է պարտավոր այդպիսին լինել:

Թերահավատությամբ տոգորված մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:

Իրենց ուժերի նկատմամբ վստահություն չունեցող մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:

Գործը թողած և ուրիշների մասին անընդհատ պատերի տակ խոսացող մարդիկ տեղ չունեն մեր իշխանության մեջ:

Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքից ու պահվածքից է կախված հավատը դեպի սեփական պետությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս