Պերմյակովը դողում էր, աչքերն արցունքոտված էին. սահմանապահը պատմել է Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները
Ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը:
Դատարանում այսօր հարցաքննվեց վկա, սահմանապահ զորքերի զինծառայող Ստյոպա Սումբուլյանը: Վկան պատմեց, որ 2015թ. հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուրում գտնվող ուղեկալի տարածքում ծառայություն է իրականացրել կապիտան Խաչատրյանի հետ, ով իրեն հրամայել է բարձրանալ դիտարկման աշտարակ: «Ես բարձրացա դիտարկման աշտարակ, մոտ 5 րոպե անց լապտերի թույլ լույս նկատեցի: Տեղյակ պահեցի կապիտան Խաչատրյանին, ինքն ասաց՝ նորից դիտարկում կատարեք: Այդ լույսը մոտեցավ պարսպին ու բարձրացավ դեպի մեզ՝ զուգահեռ: Եկավ, մոտեցավ մեզ: Կապիտան Խաչատրյանը հարցրեց՝ ո՞վ ես, ո՞ւր ես գնում, իսկ նրա պատասխանները ես չեմ լսել: Հետո կապիտան Խաչատրյանը հրամայեց իջնել վար, ես իջա վար և լապտերիս լույսը գցեցի նրա վրա, և տեսանք, որ նա է: Անմիջապես հրամայեց լիցքավորել ավտոմատը և պահել նրա վրա: Կապիտան Խաչատրյանն ասաց՝ կանգնիր, ինքը մի պահ կանգնեց, բայց նորից շարունակեց ընթացքը: Կապիտան Խաչատրյանը դեպի վեր կրակոց կատարեց, և նա կանգնեց: Հրամայեց պառկել, և նա պառկեց: Ես, ավոտոմատս պահելով նրա վրա և բացելով փշալարերը՝ օգնեցի, որ կապիտան Խաչատրյանն անցնի մյուս կողմ՝ դեպի ամբաստանյալը: Թևերը կապեց, հետո ավագ սերժանտ Հրայր Մախսուդյանը եկավ այդ պահին և նրան օգնեց ոտքերն ու ձեռքերը նորից կապել»,- պատմեց սահմանապահը՝ նշելով, որ խուզարկության ընթացքում Վալերի Պերմյակովի մոտից հայտնաբերվել է 3 հեռախոս, գումար և կրակայրիչ: Նրա խոսքով՝ ապա զորամասից օպերատիվ խումբ է ժամանել, և Վալերի Պերմյակովին տարել են «ՈւԱԶ» ավտոմեքենայով: Պատասխանելով մեղադրող Գևորգ Գևորգյանի հարցին՝ վկան ասաց, որ մինչ այդ ԶԼՄ-ներից տեղեկացել է, որ փախուստի մեջ գտնվող անձ կա:
Պատասխանելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին՝ արդյոք այդ օրը հատուկ իրավիճակ եղե՞լ է, թե՞ ոչ, վկան ասաց, որ արտակարգ ռեժիմ է եղել հայտարարված՝ սպանության հետ կապված: Նա ասաց, որ հսկողությունն ուժեղացված էր, «որ սպանողը չփախնի»: Վկան ասաց, որ ձերբակալության ընթացքում հեռվից ձայներ են լսվել, որոնք, հավանաբար, գյուղացիների ձայներն են եղել, սակայն չեն թողել՝ նրանք մոտենան. կապիտան Խաչատրյանը զգուշացրել է չմոտենալ:
Վկան նշեց, որ Վալերի Պերմյակովը դողում էր, աչքերն արցունքոտված էին. «Հարցրել են նրանք՝ դու սպանե՞լ ես, ինքն ասել է՝ ես չեմ սպանել»: Դատարանում հարցաքննվեց նաև մեկ այլ վկա, ով շան հետ մասնակցել է որոնողական աշխատանքներին. որոնողական աշխատանքներն իրականացրել են առանց զենքի: Սպանված Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդի՝ նրա հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը վկայից հետաքրքրվեց, թե ի՞նչ երաշխիք կար, որ փախուստի մեջ գտնվող զինված անձը չէր կրակի իրենց վրա, ինչին ի պատասխան՝ վկան ասաց. «Երաշխիք ընդհանրապես չունեինք»: