Միջազգային պատժամիջոցները կարևոր են սահմանադրականություն հաստատելու համար. «Նոր Հայաստան»

Սահմանադրական հանրաքվեի կեղծումից հետո մեր երկրում հետևողականորեն հաստատվում է միակուսակցական բռնապետության ռեժիմ, ինչի հետևանքով մարդու հիմնական իրավունքները և ազատությունները ոտնահարվում են ավելի համակարգված եղանակով:

Նման բացասական զարգացման միտումները նկատելի դարձան արդեն հանրաքվեի և դրան հաջորդող օրերին, երբ կիրառվեցին ընտրախախտումների բոլոր հնարավոր ձևերը, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրաքվեի ցանկալի արդյունքն ապահովեց բողոքող քաղաքացիների դեմ հանված ոստիկանական զորքերի հոծ շարքերի աջակցությամբ:

Հայաստանի համար այս աղետալի գործընթացի հաջորդ դրսևորումը Ամանորի գիշերը ակնհայտ ապօրինի և անհիմն կերպով Գևորգ Սաֆարյանի ձերբակալումն ու հետագա կալանավորումն էր, ինչի հետևանքով մեր երկիրը 2016 թ. դիմավորեց նոր քաղբանտարկյալով:

Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու և հանրաքվեի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ միջազգային համայնքի պահանջները չկատարելը և դրանց վերաբերյալ վարչախմբի ներկայացուցիչների քամահրական կարծիքները նույնպես վկայում են բռնապետական ռեժիմի սաստկացման մասին:

Անսպասելի չէր, որ մարդու իրավունքների համակարգված խախտումների միջոցով կուսակցապետությունն ամրապնդելու նպատակով վաղ թե ուշ պետք է քայլեր կատարվեին նաև հավաքների ազատությունը սահմանափակելու ուղղությամբ:

Այդ օրը, ինչպես ասում են, չուշացավ: Նախ՝ վարչախմբի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում ստահոդ լուրեր հայտնվեցին այն մասին, որ Ազատության հրապարակում հերթապահող «Նոր Հայաստանի»-ի ներկայացուցիչները հակաիրավական վարք են դրսևորում: Այնուհետև, ինչպես կանխատեսվեց հունվարի 22-ին տեղի ունեցած «Նոր Հայաստանի»-ի մամուլի ասուլիսի ժամանակ, ոստիկանությունը սադրանք կազմակերպեց հրապարակում, սակայն հերթապահողների զգոնության և իրավապատշաճ վարքի պատճառով չհաջողեց մինչև վերջ իրականացնել «Նոր Հայաստան»-ին հրապարակից դուրս հանելու ծրագիրը:

Մտահոգված լինելով, որ հրապարակում մշտական ներկայության մթնոլորտը կարող է համախմբող գործոն դառնալ «Նոր Հայաստանի»-ի նախաձեռնած մարտի 1-ի հանրահավաքի համար, վարչախումբը Երևանի քաղաքապետարանին հանձնարարեց պարզապես անտեսել օրենքը և փետրվարի 26-ից սկսած սահմանափակել գիշերային ժամերին Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու՝ «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչների ազատությունը:

Հատկանշական է, որ քաղաքապետարանը մարդու այդ հիմնական ազատությունը ոտնահարելիս վարվում է հայաստանյան քրեական ռեժիմին խիստ բնորոշ ձևով՝ հղում կատարելով այն երաշխավորող միջազգային-իրավական նորմերին, սակայն հիմք ընդունելով ոստիկանության՝ օրենքի պահանջներին հակասող ձևով ու բովանդակությամբ ներկայացված կարծիքը, որի առանցքը նրա իսկ կազմակերպած վերոհիշյալ սադրանքն է:

Ստեղծված իրավիճակում մեր երկրի հետագա բռնապետացումը կանխելու և սահմանադրականություն հաստատելու համար կարևոր է դառնում միջազգային համայնքի գործնական աջակցությունը, մասնավորապես՝ միջազգային պատժամիջոցների կիրառումը վարչախմբի՝ մարդու իրավունքները ոտնահարող ներկայացուցիչների նկատմամբ:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ

Տեսանյութեր

Լրահոս