«ԲՀԿ- ն 2017թ. ընտրություններ կգնա՝ որպես առանձին քաղաքական ուժ». Միքայել Մելքումյան
«Փաստ է, որ քաղաքական վերադասավորումներ են գնում, ու կունենանք նոր քաղաքական մեծամասնություն՝ նոր բովանդակությամբ և նոր ձևաչափով, ինչը նշանակում է, որ ոչ իշխանական ուժերում նույնպես մինչև 2017թ. կգնան որոշակի այլ բյուրեղացումներ: Ցանկալին այն է լինելու, որ դա լինի ծրագրային և գաղափարական հենքի վրա »,- այսօրվա ասուլիսին նշեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ-ն 2017թ. ընտրություններ կգնա՝ որպես առանձին քաղաքական ուժ. «Համոզված եմ, որ ունենալու ենք պատկառելի ներկայություն։ Սակայն, քանի երկրում ստեղծված է բավականին ծանր վիճակ, այդ քաղաքական վերադասավորումները ենթադրում են, որ ժողովրդի համար կարևոր հարց է Հայատանի զարգացումն ու տնտեսական խնդիրների լուծումը։ Դրա համար, բացի քաղաքական ուժերի գործունեությունից, կարևորում եմ հանրային նախաձեռնությունները։ Մենք աջակցելու ենք աշխատանքի գաղափարախոսության հենքի վրա քաղաքացիական շարժումներին»:
Խոսելով ԲՀԿ-ի ծրագրերի մասին, նշեց, որ առաջնային են մի քանի հարցեր. «Գյուղատնտեսության ոլորտում չպետք է թույլ տանք՝ լինի այն, ինչ կատարվեց 2015թ., ու մանրակրկիտ հետևելու ենք Գյուղատնտեսության նախարարության աշխատանքին, և ոչ միայն, քանի որ այս ոլորտի համար միայն նա չէ պատասխանատու: Ռուսական ռուբլու հետ կապված զարգացումները թույլ են տալիս ասել, որ մեր քաղաքացիների մեծ մասն այս տարի չի մեկնի արտագնա աշխատանքի, կլինի տրանսֆերտների պակաս, ինչը նոր խնդիր է լինելու: Հաջորդը գազի հետ կապված խնդիրն է, հատկապես Հայաստան-Իրան հարաբերությունները։ Ամբողջ աշխարհում գազի գինն ընկնում է, աշխարհում կա գազի ավելցուկ, Հայստանում էլ գազի գինը պետք է իջնի, ու դրա կարևոր գործոններից մեկը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումն է»։
Պատգամավորը նաև նշեց, որ կառավարությունն այս փուլում դանդաղեցրել է իր գործունեությունը, ու իրենք վերահսկողություն ենք իրականացնելու կառավարության գործունեության վրա։ Նա նաև հայտարարեց, որ ընդդիմության մասին կարծիքը պետք է փոխվի. «Հայաստանում միշտ եղել է այն կարծիքը, որ ընդդիմությունը պետք է աշխատի փողոցներում, բայց փորձը ցույց է տալիս, որ դա արդյունավետ չէ: Հրապարակում գոռալը քաղաքական զինանոցի մի մասն է, որն օգուտ չի տալիս, պետք է նաև իշխանության հետ րկխոսել, եթե իշխանությանը հայհոյում ես, նա էլ կհայհոյի»: