«Ողջունել է պետք». Արտաշես Գեղամյանը՝ Ռուսաստանի կոմունիստ պատգամավորների նախաձեռնության մասին

«Հայաստանի դիրքորոշումը շատ արժանապատիվ դիրքորոշում է, ժամանակից շուտ պետք չէ խառնվածություն կամ ոգևորություն ցուցաբերել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ խոսելով ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորների նախաձեռնության մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը:

«Ժամանակին, երբ Ռուսաստանի Դաշնությունը նման պայմանագիր կնքեց, դա ճակատագրական սխալ էր, հետագայում հայազգի Սուրեն Այվազյանը դիմել էր  ՌԴ նախագահին՝ ասելով, որ՝ դա ձեր շահերին էլ է դեմ, բայց ՌԴ դեսպանատան խորհրդականներից մեկը մերժողական պատասխան էր տվել:  Հանկարծ չստացվի, որ անտարբեր ենք դրա նկատամամբ: Երբ վերջնական որոշումը կայացվի, ՀՀ-ն իր գնահատականն անպայման կտա: Ողջունել է պետք, պետք է ուշադիր հետևել, որ հետևողականություն ցուցաբերվի: Հայաստանի դիրքորոշումը շատ արժանապատիվ դիրքորոշում է, ժամանակից շուտ պետք չէ խառնվածություն կամ ոգևորություն ցուցաբերել»,- կարծում է Ա. Գեղամյանը:

Հարցին՝ կարծում եք՝ դա իր տրամաբանական ընթացքին կհասնի՞ Դումայում, ՀՀկ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե ինչ զարգացում կունենան Ռուսաստան-Ամերիկա, Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունները»:

Տեսանյութեր

Լրահոս