Բաժիններ՝

Թուրքիան ու ԴԱԻՇ-ը գաղտնի բանակցություններ են վարում. Լավրով

Թուրքիան ու ԴԱԻՇ-ը գաղտնի բանակցություններ են վարում, քննարկում են մաքսանենգ մատակարարումների նոր տարբերակներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում:

«Մեզ շատ են անհանգստացնում հաղորդագրությունները, որոնք մշտապես հասնում են մեզ փակ խողովակներով, որ թուրքերը կոնկրետ պլանավորում են կամ անգամ սկսել են յուրացնել սիրիական տարածքները այնտեղ վրանային քաղաքների ստեղծման պատրվակով, որպեսզի այդտեղ կուտակեն սիրիացի փախստականներին՝ թույլ չտալով նրանց հատել թուրքական սահմանը, որտեղ, նրանց խոսքով, ճամբարներն արդեն ծանրաբեռնված են»,- ասել է Լավրովը:

«Թուրքիայի կողմից շարունակվում են խոսակցություններն այն մասին, որ սիրիական տարածքում ստեղծվի անվտանգության գոտի, որը ազատ կլինի ԴԱԻՇ-ից: Բոլորն են հասկանում, որ խոսքը երկու քրդական անկլավների սահմանի միջև ընկած հատվածի մասին է, որոնց ուժերի միավորումը Թուրքիան համարում է իր համար բացարձակ անընդունելի գոնե այն պատճառով, որ դա կխոչընդոտի Թուրքիայի հնարավորությունը՝ կապ հաստատել Սիրիայի զինյալների հետ ու նրանցից ստանալ մաքսանենգ մատակարարումներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

«Կան տեղեկություններ այն մասին, որ ԴԱԻՇ-ի ղեկավարությունը շարունակում է գաղտնի շփումները թուրքական ղեկավարության հետ: Նրանք քննարկում են գործողությունների տարբերակները ներկայիս պայմաններում, երբ մեր ռազմատիեզերական ուժերի հարվածներով մաքսանենգության ավանդական երթուղիները լրջորեն սահմանափակվել են»,- ընդգծել է Լավրովը:

Ռուսաստանի տեղեկություններով՝ «թուրքերը ՆԱՏՕ-ում արդեն քննարկել են իրենց մտահղացումները՝ Սիրիայի տարածքում ստեղծել ԴԱԻՇ-ւց ազատ գոտիներ»:

«Դա, իհարկե, կլինի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների խախտում, ինչպես նաև զգալիորեն կհանգեցնի լարվածության թեժացմանը»,- ասել է Լավրովը: Նա կարծում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան թույլ չի տա Թուրքիային իրականացնել Սիրիա լայնամասշտաբ ներխուժման ծրագիր:

«Ես չեմ կարծում, թե դա տեղի կունենա, քանի որ մանր սադրանքները, ամեն դեպքում, լայնամասշտաբ ներխուժում չեն: Չեմ կարծում, թե ամերիկացիների գլխավորած կոալիցիան, որի մեջ է նաև մտնում Թուրքիան, թույլ կտա նման անհեթեթ պլանի իրագործումը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս