Այս անգամ Հայաստան-Եվրոպական միությունը հարաբերությունները չե՞ն տապալվելու

«Ես լավատեսորեն եմ վերաբերվում Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցության օգուտներին» ,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իսկապես լիահո՞ւյս է, որ այս անգամ Հայաստան-Եվրոպական միությունը հարաբերությունները չեն տապալվելու՝ հաշվի առնելով, որ Հայաստանը արդեն իսկ մեկ անգամ տապալել է Եվրոպական միության հետ համագործակցությունը, միջազգային զեկույցներն էլ ցույց են տվել, որ մարդու իրավունքների, դատական համակարգի, ընտրությունների առումներով  Հայաստանը որևէ բան չի արել:

«Կարծում եմ, որ Եվրոպական միությունն իր ներգրավվածությամբ կարող է դրական փոփոխության հասնել Հայաստանի համար, Հայաստանի շարքային քաղաքացիների համար: Եթե ինձ հարցնեք, ապա, չնայած հիասթափությանը, դառնության զգացումին, որն առաջացավ վերջին շրջանում, ես հավատացած եմ, որ միասին աշխատելով է, որ Եվրոպական միությունը կարող է օգնել առաջ մղելու իր արժեքները և օգնել Հայաստանին արդիականացնելու երկիրը և օգնել հայ հասարակությանն արդիականացնելու կառուցակարգերը, ինստիտուտները: Այստեղ մեր աշխատանքային ներգրավումը շատ լայն է: Ինչպես քաջ գիտեք, չնայած արված որոշ մեկնաբանություններին՝ Ասոցացման համաձայնագրի տապալումը չազդեց մեր համագործակցության ծրագրերի վրա:

Ընդհակառակը, մենք ավելացրինք մեր համագործակցության աջակցության ծավալը Հայաստանում՝ չնայած կամ ի հեճուկս  Ասոցացման համաձայնագրի տապալմանը: Հայաստանն ամեն տարի Եվրոպական միությունից 50 մլն եվրո է ստանում համագործակցության զարգացման համար: Դա բավական մեծ գումար է, եթե համեմատեք, օրինակ, Վրաստանին, իսկ Վրաստանն արդեն ասոցիացման ուղիով է ընթանում, Հայաստանից էլ ավելի մեծ է՝ որպես պետություն, ստանում է 100 մլն: Հայաստանը երկրորդն է հարևանության պետությունների ցանկում՝ մեկ շնչին բաժին ընկնող զարգացման ծրագրերի օժանդակության ծավալի առումով: Մենք հավատացած ենք, որ այս աջակցությունն իմաստավորված է»,- ասաց դեսպանը:

 

Տեսանյութեր

Լրահոս