«Եթե հանկարծ իրենք շարունակեն, մենք կսկսենք նաև զսպման միջոցառումներ իրականացնել». Սեյրան Օհանյան
«Կարծում եմ` այսօր յուրաքանչյուր զինվորական պետք է իր գործով զբաղվի, և չեմ կարծում, որ այդ հիմքն ունի Տիգրանը, որ մեղադրի զինված ուժերի ղեկավարությանը: Ինքը զբաղվել է քաղաքականությամբ, զինված ուժերն այսօր պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, առավել ևս մեկ անգամ զգուշացվել է: Նա իր ցանկությամբ դուրս է եկել բանակից,՝ և ասելու որևէ բան չունեմ»,- ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով աշխատանքից ազատված պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանի հայտարարություններին, ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ Տ. Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե քաղաքացիական ակտիվություն դրսևորելու համար իրեն անձամբ Սեյրան Օհանյանն աշխատանքից հեռացրել է:
Հարցին, թե Դուք ասում եք չեզոքություն, բայց գուցե նա «վարակվե՞լ» է Սահմանադրական փոփոխությունների ընթացքում ցուցաբերած Ձեր ակտիվությամբ, նախարարը պատասխանեց.
«Իսկ ի՞նչ ակտիվություն եմ ցուցաբերել: Ես քաղաքական թիմի անդամ եմ և այդ քարոզչության շրջանակներում ես ներկայացրել եմ, թե ինչպիսին է այսօր անվտանգության համակարգը և նոր Սահմանադրությամբ ինչպիսին է լինելու: Եթե դուք մեր զորամասերում գնաք որևէ տեղ և իմանաք, որ այնտեղ զբաղվել են քարոզչությամբ, այն ժամանակ ինձ կասեք»:
Հարցին, թե՝ ով էլ շարունակի նման քաղաքացիական ակտիվություն դրսևորել, կհեռացվի՞ համակարգից, կամ էլ այնպես կարվի, որ ինքն ինքնակա՞մ հեռանա, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ զինվորականները պետք է զբաղվեն իրենց գործով:
Դիտարկմանը, թե Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինվորներն արդեն երկրորդ անգամ ահաբեկում են գյումրեցիներին, և արդյոք մենք որևէ քայլ այս ուղղությամբ, կարգուկանոն հաստատելու ուղղությամբ անո՞ւմ ենք, Օհանյանն արձագանքեց. «Մենք 102-րդ ռազմաբազայի հետ համագործակցում ենք, 102-րդ ռազմաբազան մտնում է միացյալ զորախմբի կազմի մեջ, և մեր համագործակցության շրջանակներում մենք անընդհատ աշխատանքներ տանում ենք ոչ միայն մեր օպերատիվ-մարտական պատրաստության պլանն իրագործելիս, այլ նաև մեր հարաբերությունների շրջանակներում, հատկապես, նաև տեղի բնակչության հետ կապի ամրապնդման ուղղությամբ: Եթե լինում են խախտումներ, այդ խախտումները պետք է իրենց պատասխանը ստանան: Հրամանատարական կազմում տեղի ունեցած փոփոխությունները նաև կատարվել են դրա համար, որ դեռևս գոյություն ունեցող այդ տիպի թերությունները վերացվեն»:
Նախարարը խոսեց նաև սահմանային իրավիճակի մասին ու նշեց, որ սահմանում իրավիճակը վերահսկվում է, լարվածությունը թուլացել է. «2016 թվականի ընթացքում մի քանի անգամ կրակոցները եղել են շատ, բայց այս օրերին այդ լարվածությունն իջել է: Չգիտես` ինչու, Տավուշի մարզում կրակոցները մի քիչ շատացել են: Տեղի հրամանատարությունը վերահսկողության կենտրոնում է այն պահում, և այնտեղ մենք համապատասխան միջոցառումներ ձեռնարկում ենք: Եթե հանկարծ իրենք շարունակեն , մենք կսկսենք նաև զսպման միջոցառումներ իրականացնել: Մենք համանախագահող երկրներին հորդորել ենք և այսօր ՀԱՊԿ-ին էլ ենք ասում, որ ըստ հնարավորության՝ այդ գնահատականները, քննադատությունները թիրախավորված լինեն այն կողմի վրա, ովքեր որ խախտում են անում»:
ԵԽ ԽՎ-ում ընդունված Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցին անդրադառնալով` նախարարը նշեց.
«Կարծում եմ, որ ՀՀ քաղաքական ուժերը համապատասխան աշխատանք իրականացրել են, որպեսզի այդ նախագծերը չանցնեն, և այդ նախագծերը կողմնակալ նպատակ ունեն: Եթե այդպես չլիներ, ապա նույն Սարսանգի ջրամբարին առնչվող հարցում նրանք կընդառաջեին ԼՂՀ ղեկավարության նախաձեռնողականությանը, որ տարբեր ժամանակներում արտահայտվել է նույնիսկ այն ժամանակ, երբ ես ծառայում էի: Կան համապատասխան պոմպակայաններ և ջրագծեր, որոնք պետք է համատեղ վերանորոգել և օգտագործել: Նրանք, բայց, հրաժարվել են, իսկ այն, ինչ այսօր կատարվում է Սարսանգի ջրամբարի հետ, ԼՂ հանրապետության ղեկավարությունն իրականացնում է իրենց հնարավորության սահմաններում` իրականացնելով բոլոր գոյություն ունեցող միջազգային նորմերը»: