Առերեսումներ ղեկավարի հետ. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեզ աղմուկով վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների հետ այս օրերին քննչական գործողություններ են կատարվում։ Մասնավորապես, նախաքննական մարմինը առերես հարցաքննություններ է կատարում այս գործով մի քանի մեղադրյալների մասնակցությամբ։ Սույն գործով մեղադրյալ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն առերեսվել է «հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի, Արա Պողոսյանի եւ օրերս ազատության մեջ հայտնված Ավետիս Բարեյանի հետ։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում։ Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ հակասություններ են առկա Խաչիկ Ավետիսյանի եւ Արթուր Վարդանյանի ցուցմունքներում, ազատամարտիկի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց. «Բովանդակության հետ կապված՝ որեւէ տեղեկություն չեմ հայտնի, նախաքննական գաղտնիք է եւ նպատակահարմար չեմ գտնում՝ իմ պաշտպանյալ շահերից ելնելով։ Այնուամենայնիվ, ինչ գործողություններ էլ կատարվեն՝ միանշանակ պետք է նշեմ, որ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն ենք համարում, եւ դրա հետ կապված որեւէ ապացույց, հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացվել։ Այնպես չի, որ Խաչիկ Ավետիսյանը հակասել է նախկինում իր տված ցուցմունքներին, որեւէ հակասություն չկա։ Ինչը տվել է՝ իրեն արդարացնող ցուցմունքներ են»։ Գիվի Հովհաննիսյանը պաշտպանում է նաեւ սույն գործով մեղադրյալներ Արա Մկրտչյանի եւ Մարինե Կաթանյանի շահերը։ Ի պատասխան մեր հարցին, Հովհաննիսյանն ասաց, որ իր պաշտպանյալների տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը հանվել է։
Հարցին, թե բացի առերես հարցաքննությունից, ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել իր պաշտպանյալների մասնակցությամբ, Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախաքննական մարմնի կողմից ծանոթացել են մի շարք փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին. «Այս գործով բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել՝ օրինակ, հայտնաբերված զենքի հետ կապված մատնահետքեր են վերցվել եւ այլն, մեզ դեռ որեւէ եզրակացության չեն ծանոթացրել»,– եզրափակեց պաշտպանը։
Երեկ զրուցեցինք նաեւ «հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասականի հետ։
– Պարոն Բաղդասարյան, օրերս ձեր պաշտպանյալի եւ Խաչիկ Ավետիսյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն է տեղի ունեցել…։
– Ես նման հարցաքննության մասին տեղյակ չեմ։
– Բայց դուք մասնակցում եք, չէ՞ քննչական գործողություններին։
– Միանշանակ, պաշտպանի մասնակցությունը օրենսդիրը պարտադիր պայման է դիտում։ Ես այդ հարցաքննությունից տեղյակ չեմ, միգուցե այլ պաշտպան էլ ունի, չգիտեմ։ Առանց պաշտպանի բացառվում է առերես հարցաքննություն անել, Արթուր Վարդանյանտ էլ ունի մի քանի պաշտպաններ։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: