«Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե՞ Քոբանիի քուրդ ահաբեկիչները». Էրդողանը սպառնում է Վաշինգտոնին
Ներկայում դիտվում է Անկարայի ու Վաշինգտոնի միջև վստահության նվազում սիրիացի քրդերին աջակցություն ցուցաբերելու պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Haber Turk-ը:
Քրդողանը քննադատել է մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Բրետ Մակգուրկի այցը Քոբանի քաղաք, որը գտնվում է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության վերահսկողության ներքո:
«Տեսեք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության ոլորտի ներկայացուցիչներից մեկը Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների ժամանակ վեր է կենում ու գնում Քոբանի: Ու այնտեղ նա այսպես կոչված գեներալից ստանում է հուշատախտակ: Ինչպե՞ս կարող ենք մենք ձեզ վստահել: Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե՞ Քոբանիի ահաբեկիչները»,- հարցրել է Էրդողանը:
Նա հայտարարել է, որ Թուրքիայի համար քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունն «ահաբեկչական կազմակերպություն» է: «Դա վերաբերում է նաև «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» («Դեմոկրատական միության» ռազմական թևը): «Քրդական աշխատավորական» կուսակցությունն (PKK) ու «Դեմոկրատական միությունը» նույն բանն են: Մենք այդ մասին հայտարարելու ենք միջազգային կազմակերպություններում: Մենք կորուստներ կկրենք, եթե չբարձրաձայնենք այդ հարցը»,- ասել է նա:
Միաժամանակ, Թուրքիայի նախագահը կարծում է, որ Վաշինգտոնն սկսել է «մեղմել դիրքորոշումը» Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ: Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն սկսել է հավատալ այդ նախագծին»: